Լեժայի լիգա
From Wikipedia, the free encyclopedia
Լեժայի լիգա (ալբ․՝ Lidhja e Lezhës), ալբանացի ֆեոդալների ռազմաքաղաքական դաշինք[1], որը կնքվել է 1344 թվականի մարտի 2-ին[2], Լեժայում, օտտոմանյան կայսրության դեմ և օսմանյան լծից ազատագրվելու նպատակով[3]։ Դաշինքը կնքվել է Կաստրիոտիի իշխան Սկանդերբեգի նախաձեռնությամբ, որին դաշնակից ֆեոդալները նշանակել են 8.000-անոց միասնական զորքի հրամանատար[4][5] և հռչակել են «ալբանացի ժողովրդի լիգայի ղեկավար»[6][7]։
Լիգայի հիմնական անդամներն էին իշխաններ Արիանտին, Բալշիչը[8][8], Զահարիան, Մուզակին, Սպանին[8], Տոպիան[9], Դուշմանին[8] և Չրնոևիչը[8] (դաշինքին միացել էին նաև սերբ ֆեոդալներ)։ Նրանք ոչ միայն զինված ջոկատներ, այլև դրամական միջոցներ են տրամադրել։ Մասնաբաժին է հատկացվել նաև Դուրացցոյի աղահանքի եկամուտներից։ Սկանդերբեգը պիտի սահմանափակվելր միասնական զորքի հրամանատարի գործառույթներով՝ ունենալով գեներալի կոչում (general căpitan)[10]. նա իրավունք չուներ միջամտելու դաշինքի անդամների ներֆեոդական գործերին[11][12]</ref>[12]:
Դաշինքը պահպանվել է մինչև 1451 թվականը։ Այդ յոթ տարվա ընթացքում Սկանդերբեգի 8-10 հազարանոց զորքը ութ խոշոր հաղթանակներ է տարել թուրքական քանակապես գերակշռող ու ավելի լավ զինված բանակների դեմ։ Բայց, ինչպես նկատել է Ջորջ Կաստելանին, ֆեոդալների այդ դաշինքն անհուսալի էր[13]. անդամներն աստիճանաբար լքել են դաշինքը՝ դժգոհելով Սկանդերբեգի աճող հեղինակությունից ու իշխանությունից, ոմանք նույնիսկ սկսել են գործակցել թշնամի թուրքերի հետ։
Անցյալի և ժամանակակից բոլոր պատմաբանները, թեկուզև գնահատման հարցում տարբերություններ դրսևորելով, այդուհանդերձ ընդունում են Մարին Բառլետիի հայտնած տեղեկությունները Լեժայի լիգայի մասին (չնայած դրա մասին վենետիկյան ոչ մի պատմական փաստաթղթում որևէ հիշատակում չկա)[14]։ Լեժայում դաշինքի անդամների հանդիպումը Բառլետին բնորոշում է որպես generalis concilium կամ universum concilium. «Լեժայի լիգա» ձևակերպումը գործածության մեջ են դրել հետագա պատմաբանները[15]։