Լեռ
From Wikipedia, the free encyclopedia
Լեռ, հարակից հարթավայրերի նկատմամբ Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամաս, որը ռելիեֆի՝ համեմատաբար հարթ վայրից կտրուկ բարձրացած է։ Լեռները սովորաբար ունենում են լավ արտահայտված գագաթներ, լանջեր, ստորոտներ։
Լեռները պատում են Ասիայի 64 %-ը, Եվրոպայի 25 %-ը, Հարավային Ամերիկայի 22 %-ը, Ավստրալիայի 17 %-ը և Աֆրիկայի 3 %-ը։ Երկրի ցամաքային զանգվածի 24 %-ը լեռներ են, և մարդկության 10 %-ը ապրում է լեռնային վայրերում[1]։ Երկրի վրա լեռներն առաջացել են միլիոնավոր տարիներ առաջ, բայց այսօր էլ շարունակվում են լեռնակազմավորման շարժընթացները՝ տեղի են ունենում երկրաշարժեր, ժայթքում են հրաբուխներ և այլն։ Ըստ այդմ՝ լեռները կարող են լինել երիտասարդ և ծեր։
Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական բարձրություն. այդ ցուցանիշով աշխարհում ամենաբարձրը Արարատն է (4365 մ)։ Ծովի մակարդակից հաշված բարձրությունը կոչվում է «բացարձակ», որով առաջին տեղում է Էվերեստը (8848 մ)։ Բլուրները նույնպես լեռներ են, որոնք ունեն փոքր հարաբերական բարձրություն։