Լոս Անջելեսի խռովություններ
From Wikipedia, the free encyclopedia
Լոս Անջելեսի խռովություններ, զանգվածային անկարգություններ, որոնք տեղի են ունեցել 1992 թվականի ապրիլի 29- մայիսի 4-ը Լոս Անջելեսում։ Անկարգությունների պատճառով զոհվել է 53 մարդ[1][2]։ Տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում պետությունը կրել է շուրջ մեկ միլիարդ դոլարի վնաս։
Անկարգությունները սկսվել են ապրիլի 29-ին՝ այն օրը, երբ ատենակալների դատարանը անմեղ է ճանաչել սպիտակամորթ չորս ոստիկանների, որոնք ծեծի էին ենթարկել սևամորթ Ռոդնի Քինգին, այն բանի համար, որ վերջինս 1991 թվականի մարտի 3-ին դիմադրել էր ոստիկաններին՝ արագությունը գերազանցելու համար։ Արդարացման վճիռը հրապարակելուց հետո՝ մի քանի հազար սեւամորթ ամերիկացիներ, հիմնականում տղամարդիկ, դուրս են եկել Լոս Անջելեսի փողոցներ և կազմակերպել ցույցեր, որոնք հետագայում վեր են ածվել անկարգությունների և ջարդերի։ Այդ գործողություններին մասնակցել են նաև քրեական տարրեր։ Վեցօրյա զանգվածային անկարգությունների ժամանակ տեղի ունեցած հանցագործությունները կրել են ռասայական ենթատեքստ։
Լոս Անջելեսի քաղաքապետ Թոմ Բրեդլիի հրամանով ստեղծվել է Քրիստոֆերի հատուկ կոմիտեն, որն զբաղվելու էր Լոս Անջելեսի ոստիկանական վարչության գործողությունների և օպերատիվ գործունեության հետաքննությամբ։ Վերջինիս աշխատակիցների կողմից էր ձերբակալվել Ռոդնի Քինգը։
Դատարանի որոշումը և քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները հասարակության լայն շրջանակներում ստացել են մեծ արձագանք և հանգեցրել ոստիկանների նկատմամբ կրկնակի դատավարության, որի արդյունքում հիմնական կասկածյալների նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։
ԱՄՆ տարածքում, մինչ 1992 թվականը, ամենախոշոր զանգվածային անկարգությունները եղել էին «Ուոթսի ապստամբությունը» և 1967 թվականին տեղի ունեցած «Դետրոյթի անկարգությունները»։