Լուսավորության դարաշրջան
From Wikipedia, the free encyclopedia
Լուսավորության դարաշրջան, եվրոպական մշակույթի պատմության առանցքային և նշանավոր դարաշրջաններից, որը կապված է գիտական, փիլիսոփայական և սոցիալական մտքի զարգացման հետ։ Մտավոր այս շարժման հիմքում ընկած էին ռացիոնալիզմն ու ազատամտությունը։
Շարժումը սկզբնավորվել է Անգլիայում 17-րդ դարի գիտական հեղափոխության ազդեցությամբ և տարածվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում։ Առավելապես ազդեցիկ էին ֆրանսիացի լուսավորիչները, որոնք դարձան «մտքի կառավարիչներ»։ Լուսավորության սկզբունքները դրվեցին ամերիկյան Անկախության հռչակագրի և ֆրանսիական՝ մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի հիմքում։
Այս դարաշրջանի մտավոր շարժումը մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպայի և Ամերիկայի սոցիալական կյանքի հետագա փոփոխությունների, եվրոպական երկրների ամերիկյան գաղութների ազգային անկախության համար պայքարի, ստրկության վերացման, մարդու իրավունքների ձևակերպման վրա։ Դրանից բացի այն ցնցեց արիստոկրատիայի հեղինակությունը և եկեղեցու ազդեցությունը սոցիալական, մտավոր և մշակութային կյանքի վրա։
Լուսավորություն տերմինը ծագել է ֆրանսերենից (siècle des lumières) և վերաբերում է 18-րդ դարի փիլիսոփայությանը։ Սրա հետ մեկտեղ այն ոչ մի փիլիսոփայական դպրոցի անվանում չէ, ինչքան էլ լուսավրության փիլիսոփաների հայացքները բավականին հաճախ տարբերվում էին միմյանցից և հակասում էին միմյանց։ Հետևաբար լուսավորությունը համարում էին ոչ այնքան գաղափարների խումբ, որքան փիլիսոփայական մտքի հատուկ ուղղություն։ Լուսավորության գաղափարախոսության հիմքում ընկած էր այդ ժամանակ գոյություն ունեցող ավանդական ինստիտուտների, սովորույթների ու բարոյականության քննադատությունը[1]։
Աշխարհայացքային այս դարաշրջանի թվագրման հետ կապված միակարծություն չկա։ Պատմաբանների մի մասը դարաշրջանի սկիզբը համարում է 17-րդ դարի սկիզբը, մյուսը մասը՝ 18-րդ դարի կեսերը[2]։ Ռացիոնալիզմի հիմքերը 18-րդ դարում դրեց Դեկարտը իր «Մեթոդի քննարկում» (1637թ․) աշխատության մեջ։ Լուսավորության դարաշրջանի վերջը հաճախ կապում են Վոլտերի մահվան (1788թ․) (այդ թվականին ինքնասպան եղավ նաև Ժան Ժակ Ռուսսոն) կամ Նապոլեոնական պատերազմների սկզբի հետ (1800-1815թթ)[3]։ Միևնույն ժամանակ կա կարծիք, որ այս դարաշրջանի սահմանները պետք է համարել Անգլիական Փառահեղ (1688թ․) և Ֆրանսիական Մեծ (1789թ․) հեղափոխությունները։