Ծաղկավոր բույսեր
From Wikipedia, the free encyclopedia
Ծաղկավոր բույսեր (ծածկասերմեր, լատին․՝ Magnoliophyta կամ Angiospermae), բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։
Ծածկասերմեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կլադ | Ծածկասերմեր (Angiospermae) |
Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։
Ծաղիկն առաջինն է ի հայտ գալիս այս տիպի բույսերում և ապահովում խաչաձև փոշոտումը։ Ծաղկավոր բույսերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը, տրիպլոիդ էնդոսպերմը։ Ծաղկավոր բույսերի առանձնահատկություններից է վարսանդի առկայությունը, որն առաջացել է ծայրերով միաձուլված մեկ կամ մի քանի պտղատերևներից, որոնց ներսում զարգանում են սերմնասկզբնակները։ Բեղմնավորումից հետո սերմնարանը վեր է ածվում պտղի, իսկ սերմնասկզբնակը՝ սերմի։ Այսպիսով, սաղմը և սերմը զարգանում են սերմնարանի և պտղի պաշտպանության ներքո։ Այստեղից՝ «ծածկասերմեր» անվանումը։ Վարսանդի առաջացման հետ սերմնասկզբնակի կառուցվածքն ավելի է պարզացել, փոքրացել են չափերը, նվազել է ինտեգումենտների թիվը, իսկ սերմնասկզբնակների թիվն աճելով՝ երբեմն կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի։