Ծաղկունյաց լեռներ
From Wikipedia, the free encyclopedia
Ծաղկունյաց լեռներ, Բջնիի լեռներ, Զնջուլու, Զնջրլու, Ծաղկունի, Միսխանայի լեռնաշղթա, Միսխանայի լեռներ, Վարժանունյաց լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագլխին, Փամբակի լեռների գլխավոր ճյուղավորությունը նրա միջին մասից՝ Ուղտաքար լեռան գագաթից դեպի հարավ–արևելք, մինչև Հրազդան գետի աջ ափը։ Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է՝ 2851 մ[1][2]։
Ծաղկունյաց լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Կոտայքի մարզ և Արագածոտնի մարզ |
Լեռնաշղթա | Փամբակի լեռնաշղթա |
Բարձրություն (ԲԾՄ) | 2851 մետր |
Երկարություն | 42 կմ |
Մեծագույն գագաթ | Թեղենիս |
Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են՝ կտրտված բազմաթիվ մանր ձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով։ Վերը նշված երկու ճյուղավորումների իրար նայող ներքին լանջերը շատ ավելի զառիթափ են։ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ։ Ամենաբարձրը հարավային ճյուղավորության վրա գտնվող Թեղենիսն է 2851,1 մ բարձրությամբ։ Բարձր գագաթներից է նաև Ծաղկունյացը՝ 2821 մ բարձրությամբ։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Լեռնաշղթայի լանջերի զգալի մասը՝ մինչև 2400 մ բարձրությունները անտառածածկ են։
Արևելյան լանջերը (մինչև 2300 մ) ծածկված են կաղնու, թխկենու, արոսենու անտառներով։ Այս տարածաշրջանը հայտնի է որպես հանգստյան գոտի. այստեղ են Հանքավանը, Ծաղկաձորը, Բջնին, Աղվերանը, Արզականը, Բուժականը։ Ծաղկաձորը եռաստիճան ճոպանուղով կապված է Ծաղկունյաց գագաթի հետ։