Կոլումբոսյան փոխանակում
From Wikipedia, the free encyclopedia
Կոլումբոսյան փոխանակում (անգլ.՝ Columbian exchange, Columbian interchange), բույսերի, կենդանիների, մշակույթի, մարդկանց, տեխնոլոգիաների, հիվանդությունների ու գաղափարների լայնամասշտաբ տեղափոխումներ Ամերիկաների, Արևմտյան Աֆրիկայի ու Հին աշխարհի միջև 15-րդ և 16-րդ դարերում։ Տերմինը վերաբերում է նաև եվրոպական գաղութացմանն ու առևտրին, որ հետևել են Քրիստափոր Կոլումբոսի 1492 թվականի ճանապարհորդությանը[1]։ Ինվազիոն տեսակները, այդ թվում նաև վարակիչ հիվանդությունները եղել են փոխանակման կողմնակի արդյունքներ։ Գյուղատնտեսության բնագավառում տեղի ունեցած փոփոխություններն զգալի ազդեցություն են ունեցել աշխարհի բնակչության վրա։ Կոլումբոսի փոխանակման կարևորագույն ոչ ուղղակի հետևանքները եղել են մշակութային փոխանակումներն ու մարդկանց տեղափոխությունը (ազատ և ստրկացված) մայրցամաքների միջև։
Երկու մայրցամաքների բնակչությունների միջև շփման շնորհիվ տարածվել են տարատեսակ գյուղատնտեսական մշակաբույսեր ու ընտանի կենդանիներ, ինչը նպաստել է երկու կիսագնդերում բնակչության թվաքանակի աճին, չնայած սկզբում հիվանդությունների պատճառով կտրուկ նվազել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաների բնիկների թվաքանակը։ Առևտրականները, վերադառնալով Եվրոպա, իրենց հետ բերել են եգիպտացորեն, կարտոֆիլ և լոլիկ, որ դարձել են կարևոր մշակաբույսեր Եվրոպայում մինչև 18-րդ դարը։
Տերմինը 1972 թվականին առաջին անգամ օգտագործել է ամերիկացի պատմաբան Ալֆրեդ Քրոսբին իր «Կոլումբոսյան փոխանակում» (անգլ.՝ The Columbian Exchange) գրքում[2]։ Այն արագորեն ընդունվել է այլ պատմաբանների ու լրագրողների կողմից և ստացել լայն տարածում։