Կոմպիենի դղյակ
From Wikipedia, the free encyclopedia
Կոմպիենի դղյակ (ֆր.՝ Château de Compiègne կամ ֆր.՝ Palais de Compiègne), դասական պալատական համալիր Ֆրանսիայի հյուսիսում՝ Պիկարդիա երկրամասի Ուազ դեպարտամենտի Կոմպիեն քաղաքում, Փարիզից 75 կիլոմետր հեռավորության վրա։ Իր կարևորությամբ երրորդն է Ֆրանսիայի արքայական նստավայրերի մեջ՝ Վերսալից ու Ֆոնտենբլոյից հետո։ Թագադրվելու նպատակով Ռեյմսի տաճար մեկնելիս և այնտեղից վերադառնալիս ֆրանսիական արքաները ավանդաբար մի քանի օր կանգ են առել այստեղ։ Պալատական այս համալիրը 1994 թվականի հոկտեմբերի 24-ին ներառվել է պատմական հուշարձանների ցանկում[1]։
Ներկայիս դղյակին նախորդած շինությունները 6-րդից 11-րդ դարերում եղել են մերովինգյան և կարոլինգյան արքաների սիրած նստավայրը։ Կարլ V-ի նախաձեռնությամբ կառուցված նոր շենքը հետագայում աստիճանաբար ընդարձակվել ու բարեփոխվել է, իսկ 18-րդ դարի կեսերին Լյուդովիկոս XV-ի պատվերով ենթարկվել է համալիր վերակառուցման, դարձել թագավորական կարևորագույն շինությունը։ Դղյակի հետագա վերակառուցման, ընդլայնման ու ճոխացման գործում զգալի ավանդ են ներդրել Նապոլեոն Բոնապարտն[2] ու Նապոլեոն III-ը։
Ներկայիս տեսքով Կոմպիենի դղյակը ամպիր ոճի ճարտարապետության առավել լավ պահպանված նմուշն է ամբողջ Ֆրանսիայում։ Համալիրում գործում են երեք թանգարան՝ պալատական շինությունները, փոխադրամիջոցների թանգարանը՝ կառքերի, հեծանիվների, ավտոմեքենաների հարուստ հավաքածուներով, և Երկրորդ կայսրության ժամանակներն արտացոլող թանգարանը։ Ուշագրավ է նաև 20 հեկտար զբաղեցնող պարտեզ-այգին, որի մուտքն ազատ է։
2006 թվականի սեպտեմբերի 23-ին դղյակում տեղի է ունեցել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի ղեկավարներ Ժակ Շիրակի, Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի պաշտոնական հանդիպումը[3]։