Կոնֆորմիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Կոնֆորմիզմ, երևույթ, երբ անհատները իրենց վերաբերմունքը, համոզմունքները և վարքագիծը համապատասխանեցնում են խմբի նորմերին[1]։ Նորմերը թաքնված, յուրահատուկ կանոններ են, որոնք խումբը տարածում է անհատների վրա, և անհատներն էլ առանջնորդվում են այդ նորմերով ուրիշների հետ փոխհարաբերությունների ժամանակ։ Կոնֆորմիզմը հիմնականում դրսևորվում է փոքր խմբերում և հասարակությունում ՝ որպես ամբողջություն, և այդ ազդեցությունը տեղի է ունենում աննկատ կամ բացահայտ հասարակական ճնշմամբ։ Կոնֆորմիզմը կարող է դրսևորվել ինչպես մարդկանց ներկայությամբ, այնպես էլ երբ անհատը մենակ է։ Օրինակ, մարդիկ հակված են հետևել սոցիալական նորմերին, երբ նրանք ուտում են կամ հեռուստացույց են դիտում, նույնիսկ երբ մենակ են։ Մարդիկ հաճախ համաձայնեցնում են իրենց ցանկությունները այն խմբին, ում հետ ունեն նույն տարիքային, մշակութային կամ կրթական կարգավիճակը։ Դա հաճախ անվանվում է խմբային մտածողություն։ Խմբային մտածողության մտային մոդելները ձևավորվում են ինքնախաբեության, հարկադրված համաձայնեցման, խմբի արժեքների և էթիկայի համապատասխանեցման միջոցով, որոնք խանգարում են հաճախ իրատեսորեն գնահատել ուրիշների վարքագծերը։ Կոնֆորմիզմ չցուցաբերելը հանգեցնում է սոցիալական մերժման վտանգի։ Կոմֆորմիզմը հաճախ ասոցացվում է դեռահասության և երիտասարդության մշակույթի[2] հետ, սակայն այն բնորոշ է բոլոր տարիքներին[3]։ Չնայած որ սոցիալական ճնշումները դիտարկվում են բացասականորեն, կոնֆորմիզմը կարող է ունենալ լավ կամ վատ արդյունք կախված իրավիճակից։ Կոմֆորմիզմը կարող է դիտարկվել որպես շահավետ, դրական, եթե ուղին ընթանում է ճիշտ ճանապարհով[4]։ Շրջապատող միջավայրի հետ ճիշտ փոխհարաբերության համար, համապատասխանաբար, վաղ տարիքից երեխաները սովորում և ընդունում են վարքի համապատասխան ձևեր, որոնք տվյալ հասարակությունում անհրաժեշտ են ճիշտ փոխազդեցության և զարգացման համար [5]: Կոնֆորմիզմը ազդում է սոցիալական նորմերի ձևավորման և պահպանման վրա, և օգնում է հասարակություններին գործել սահուն և կանխատեսել չգրված օրենքներով առաջնորդվող վարքագծերը։ Այս առումով այն ընկալվում է դրական ուժ, որը կանխում է կործանիչ և վտանգավոր գործողությունները։ Քանի որ կոնֆորմիզմը խմբային երևույթ է, գործոնները ինչպիսիք են խմբի մեծությունը, միաբանությունը, համախմբվածությունը, կարգավիճակը, ընդհանուր նպատակը և հասարակական կարծիքը օգնում են չափելու անձի ցուցաբերած կոնֆորմիզի մակարդակը։