Կոստանդին Լամբրոնացի
From Wikipedia, the free encyclopedia
Կոստանդին Լամբրոնացի (ծննդյան թվականն անհայտ է - 1250), թագադիր իշխան Կիլիկյան Հայաստանում 1226 թվականից։
Կոստանդին Լամբրոնացի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1250[1] |
Ծնողներ | հայր՝ Հեթում Բ Հեթումյան[1], մայր՝ Ռիթա Ռուբինյան |
Երեխաներ | Հեթում Գ Հեթումյան |
Ներսես Լամբրոնացու եղբայր Հեթումի որդին։
Լամբրոն բերդի տեր Կոստանդին Լամբրոնացին իր 300 նիզակավոր հեծելակներով 1216 թվականին մասնակցելով սելջուկյան թուրքերի դեմ Շողականի ճակատամարտին՝ գերեվարվեց Իկոնիա։ 1219 թվականի սկզբին Լևոն Բ Մեծ թագավորը փրկագնով ազատեց նրան։ Իբրև հեղինակավոր և հզոր իշխան՝ Կոստանդին Լամբրոնացին ընդդիմացել է իր ազգականներին՝ նորահաստատ Հեթումյան արքայատանը և հավակնել Հայոց գահին։ Կոստանդին Լամբրոնացու հետ հաշտվելու և արքունիքին նեցուկ դարձնելու նպատակով Կոստանդին թագավորահայրը նրան շնորհեց թագադրության գործակալությունը։ 1230 ական թվականներին սատարելով Իկոնիայի սուլթանության ուժերին՝ ապստամբեց Հեթում Ա թագավորի դեմ։ Թաթար-մոնղոլներից Իկոնիայի սուլթանության պարտությունից (1243 թվականին) հետո փորձեց հաշտվել Հեթում Ա-ի հետ, բայց մերժվեց։ Քինախնդիր Կոստանդին Լամբրոնացին 1245 թվականին սելջուկյան թուրքերի գլուխ անցած՝ ավերեց երկրի մի շարք բնակավայրեր և պաշարեց Տարսոն քաղաքը։ Սակայն պարտության մատնվելով՝ փակվեց անառիկ Լամբրոնում։ 1250 թվականին հալածական Կոստանդին Լամբրոնացին սրախողխող սպանվեց իբրև դավաճան, կալվածները միացվեցին արքունիքին։ Տոհմական թշնամությունը վերացնելու համար Հեթում Ա հոր խորհրդով Կոստանդին Լամբրոնացու որդի Հեթումին վերադարձրեց Լամբրոնը, իսկ նրա դուստր Կիռ Աննային (Կեռան) պսակեց իր գահաժառանգ որդի Լևոնի հետ։