Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները
From Wikipedia, the free encyclopedia
«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայը։ Ֆիլմի սցենարը գրել են Յակով Կոստյուկովսկին և Մորիս Սլոբոդսկին ռեժիսորի մասնակցությամբ։ Նկարահանումներն անցկացվել են 1966 թվականին «Մոսֆիլմի» տաղավարներում, ինչպես նաև Ղրիմում՝ Յալթայի կինոստուդիայի բազայում, Կովկասում՝ Կրասնայա Պոլյանայի շրջանում և Աբխազիայում՝ Ռիցա լճի հովտում։ Դերերը կատարել են Ալեքսանդր Դեմյանենկոն, Նատալյա Վառլեյը, Վլադիմիր Էտուշը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ռուսլան Ախմետովը, Յուրի Նիկուլինը, Գեորգի Վիցինը, Եվգենի Մորգունովը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կովկասում։ Սյուժեի հիմքում բանահյուսության նմուշներ հավաքող Շուրիկի արկածներն են, որը, գտնվելով հարավային քաղաքում, ներքաշվում է Նինայի առևանգման պատմության մեջ։ Աղջկան փախցնելու նախաձեռնողը շրջանային մասշտաբի նոմենկլատուրային աշխատող ընկեր Սաախովն է, իսկ նրա կունակների դերում հանդես են գալիս կատակերգական եռյակի կերպարները՝ Փորձառուն, Դմբոն ու Վախկոտը։
Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն[1] |
Թվական | 1967, ապրիլի 1, 1967[2], ապրիլի 3, 1967[2] և սեպտեմբերի 15, 1967[2] |
Պրեմիերա | ապրիլի 1 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Գայդայ |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Գայդայ, Յակով Կոստյուկովսկի և Մորիս Սլոբոդսկոյ |
Դերակատարներ | Ալեքսանդր Դեմյանենկո[3], Նատալյա Վառլեյ[3], Մհեր Մկրտչյան, Վլադիմիր Էտուշ[3], Գեորգի Վիցին, Եվգենի Մորգունով, Յուրի Նիկուլին, Նինա Գրեբեշկովա[3], Ռուսլան Ախմետով, Դոնարա Մկրտչյան, Միխայիլ Գլուզսկի, Պյոտր Ռեպնին[3], Գեորգի Միլյար[4] և Լեոնիդ Դովլաթով[4] |
Օպերատոր | Կոնստանտին Բրովին |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Պատմվածքի վայր | Կովկասյան լեռներ |
Նկարահանման վայր | Ղրիմ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 77 րոպե |
Kidnapping, Caucasian Style Վիքիպահեստում |
Ֆիլմը, որի ժանրը սահմանվում է որպես էքսցենտրիկ կատակերգություն, լի է հնարքներով, գեգերով, զավեշտախաղի տարրերով։ Ուսումնասիրողների կարծիքով՝ ռեժիսորը ֆիլմում օգտագործել է համր կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչների՝ մասնավորապես Չառլի Չապլինի և Հարոլդ Լլոյդի փորձը։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը, երգերի տեքստերի հեղինակը Լեոնիդ Դերբենյովն է։ Հանձնելուց հետո ֆիլմին տրվել է առաջին վարձույթային կատեգորիան։ ԽՍՀՄ կինոթատրոնների էկրաններին «Կովկասի գերուհին» թողարկվել է 1967 թվականի ապրիլի 3-ին։