Համազանգեզուրյան առաջին համագումար
1920 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած համագումար / From Wikipedia, the free encyclopedia
Համազանգեզուրյան առաջին համագումար, 1920 թվականի դեկտեմբերի 25-ին Զանգեզուրի բնակչության ցանկությամբ Տաթևի վանքում հրավիրված և տեղի ունեցած համագումար, որը հռչակել է Սյունիքի ինքնավարությունը։ Համագումարի պատրաստությունները սկսվել են դեռևս 1920 թվականի հոկտեմբերի կեսերին, երբ Նժդեհը բոլոր շրջաներին պատվիրել է հրավիրել ժողովներ, քննարկել Հայաստանի խորհրդայանցման հարցը, ընտրել պատգամավորներ և ուղարկել Տաթև։
Թվական | 1920 թվականի դեկտեմբերի 25 |
---|---|
Ժամանակ | 14:00 |
Վայր | Տաթևի վանք, Զանգեզուր |
Մասնակիցներ | Գարեգին Նժդեհ, Զանգեզուրի բոլոր գյուղերից 100 պատգամավորներ, Զանգեզուրի բոլոր շրջանային խորհուրդների 15 ներկայացուցիչներ, ընդհանուր՝ 118 հոգի |
Հետևանք | Ինքնավար Սյունիքի հռչակում |
Համագումարին մասնացել է Զանգեզուրի սպարապետ Գարեգին Նժդեհը, Բուն Զանգեզուրի Գյուղացիական Ժամանակավոր Խորհրդի նախագահ Տիգրան Մելիք-Հուսեինյանը, ընդհանուր՝ 118 մարդ։ Վերջինս ժամը 14։00-ին բացել է համագումարը[1], որը տևել է 3 օր և ավարտվել դեկտեմբերի 27-ին՝ երեկոյան ժամը 3-ին[2]։
Համագումարի ընթացքում Գարեգին Նժդեհը հայտարարվել է Զանգեզուրի սպարապետ, ստեղծվել է Ինքնավար Սյունիքի պառլամենտ, կառավարություն, վերահսկիչ մարմին, տեղական ինքնակառավարման մարմիններ, որոշումներ են ընդունվել արտաքին և ներքին քաղաքականության կարևոր հարցերի մասին, որոնք պահանջում էին շտապ լուծումներ։ Ընտրվել են ղեկավար մարմինների անդմաները, սահմանվել է նրանց լիազորությունները և պարտականությունները։