Համախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
Համախտանիշը (սինդրոմ) բժշկական նշանների և ախտանիշների խումբ է, որոնք փոխկապակցված են միմյանց հետ և հաճախ առնչություն են ունենում որևէ հիվանդության կամ խանգարման հետ[1]։ «Սինդրոմ» բառն առաջացել է հունարեն σύνδρομο բառից, որը նշանակում է «միահոսում», «համադրություն»[2]։ Որոշ դեպքերում որևէ համախտանիշ այնքան սերտորեն է առնչվում կոնկրետ ախտաբանական վիճակի ախտածնության կամ պատճառի հետ, որ այդ դեպքերում ի վերջո համախտանիշ, հիվանդություն և խանգարում բառերն օգտագործվում են միմյանց փոխարինաբար։ Սա հատկապես բնորոշ է գենետիկական հիվանդություններին։ Օրինակ՝ Դաունի համախտանիշը, Վոլֆ-Հիրշհորնի համախտանիշը, Անդերսենի համախտանիշը խանգարումներ են, որոնց պաթոգենեզը հայտնի է, այսպիսով դրանցից յուրաքանչյուրը, չնայած համախտանիշ կոչվելուն, իրենից ներկայացնում է ավելին, քան ուղղակի նշանների ու ախտանիշների խումբ։ Այլ դեպքերում համախտանիշը սպեցիֆիկ չի լինում կոնկրետ հիվանդության, և, փոխարենը՝ միևնույն համախտանիշը դիտվում է տարբեր հիվանդությունների դեպքում։ Օրինակ՝ տոքսիկ շոկի համախտանիշը կարող է առաջանալ տարբեր տեսակի տոքսինների ազդեցության հետևանքով, պրեմոտոր համախտանիշի առաջացման պատճառ կարող են լինել գլխուղեղի տարբեր տեսակի ախտահարումներ, իսկ նախադաշտանային համախտանիշը ընդհանրապես հիվանդություն չէ, այլ՝ ուղղակի ախտանիշների խումբ։
Եթե կասկած կա, որ տվյալ ախտաբանության հիմքում ընկած է գենետիկական պատճառ, սակայն դրա առկայությունը հաստատված չէ, ապա ախտաբանական վիճակը կարող է անվանվել ոչ թե համախտանիշ, այլ՝ գենետիկական ասոցիացիա (կամ, կախված կոնտեքստից՝ ուղղակի «ասոցիացիա»)։ Ըստ սահմանման՝ ասոցիացիան մատնանշում է այնպիսի նշանների և ախտանիշների խումբ, որոնք միասին ավելի հաճախ են հանդիպում, քան դա կլիներ զուտ պատահականության դեպքում[3]։
Համախտանիշները հաճախ անվանվում են ի պատիվ բժշկի կամ բժիշկների խմբի, ովքեր դրանք հայտնաբերում են կամ ովքեր առաջինն են նկարագրում ամբողջական կլինիկական պատկերը։ Համախտանիշների այսպիսի անվանումները կոչվում են բժշկական էպոնիմներ։ Վերջին ժամանակներում միտում կա ախտաբանություններն անվանել ոչ թե էպոնիմային անուններով, այլ՝ բնութագրական անուններով (ըստ ախտանիշների կամ հիմքում ընկած պատճառի), սակայն, միևնույն է, խոսակցական կիրառման մեջ էպոնիմները հաճախ պահպանվում են։