Հաշմանդամություն
From Wikipedia, the free encyclopedia
Հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձանց ու շրջակա միջավայրի արգելքների փոխազդեցության հետևանք, որը խոչընդոտում է նրանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։
Հայաստանը 2010 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը միանշանակորեն չի տալիս «հաշմանդամություն» բառի սահմանումը։ «Հաշմանդամությունը» զարգացող հասկացություն է, քանի որ հասարակությունն ու հասարակական կարծիքը հաճախ են փոփոխություններ կրում։ Այդ իսկ պատճառով կոնվենցիան չի պարտադրում սահմանված հասկացություն, այլ կիրառում է դինամիկ մոտեցում։
Անձի հաշմանդամությունը Հայաստանում ճանաչում են միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները՝ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը և տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (ԲՍՓՀ)։ Հայաստանում գործում է բժշկասոցիալական փորձաքննական 25 հանձնաժողով։ Դրանցից 3-ը մասնագիտացված են՝ հոգեբուժական, ակնաբանական և մանկական[1]։
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 193836 հաշմանդամություն ունեցող անձ, որից 8171-ը երեխաներ են[2]։
Հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են աշխարհի բնակչության 15 %-ը (1.050.000.000 մարդ)[3]։