Հարուցիչ
From Wikipedia, the free encyclopedia
Հարուցիչը, ախտածինը կամ պաթոգենը (հուն․՝ πάθος (pathos) «տանջանք» և γενής (genēs) «առաջացնել» բառերից) ցանկացած միկրոօրգանիզմ է (սունկ, վիրուս, բակտերիա և այլն) կամ հատուկ սպիտակուց՝ պրիոն, որը կարող է առաջացնել այլ կենդանի օրգանիզմների ախտաբանական վիճակներ (հիվանդություններ)։ Ավելի լայն իմաստով պաթոգեն ասելով հասկանում ենք արտաքին միջավայրի ցանկացած ազդակ, որը կարող է որևէ կերպ վնասել օրգանիզմը կամ առաջացնել հիվանդություն[1][2]։
Ախտածնի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա կարող է արտահայտվել տարբեր կերպ։ Ախտածինները օրգանիզմում կարող են առաջացնել թունավորում, հյուսվածքների քայքայում, կարգավորիչ մեխանիզմների խախտումներ և այլն։ Ախտածին միկրոօրիգանիզմների բացասական ազդեցությունը հիմնականում կապված է օրգանիզմում նրանց բազմացմամբ և օրգանիզմի վրա նրանց կենսագործունեության արգասիքների ազդեցությամբ։ Վարակիչ հարուցիչները որպես կանոն կարող են տարբեր ճանապարհներով գաղթել տիրոջ պոպուլյացիայի այլ տեսակներ և առաջացնել վարակիչ հիվանդություններ (վարակներ)։ Մարդու մոտ հարուցիչներով են պայմանավորված գրիպը, ծաղիկը, էբոլան, ջրծաղիկը, թոքաբորբը, խոզուկը, կարմրուկը և բազմաթիվ այլ հիվանդություններ։