Հիլդայի ընտանիք
From Wikipedia, the free encyclopedia
Հիլդայի ընտանիք, մուգ ածխածնային աստերոիդների խումբ է, որը տեղաբաշխված է աստերոիդների հիմնական գոտում` Մարս և Յուպիտեր մոլորակների ուղեծրերի միջև։
Հիլդայի ընտանիքն իրական աստերոիդների ընտանիք չէ, քանի որ նրա անդամները չեն հանդիսանում մեկ ընդհանուր ծնող մարմնի բեկորներ, որը հատկանշական է մնացած աստերոիդների ընտանիքների մեծամասնության համար։ Այն պարզապես նման շարժում ունեցող աստերոիդների խումբ[1], որը շարժվում է 2:3 ուղեծրային ռեզոնանսով Յուպիտերի հետ։
Հիլդայի ընտանիքն իր ուղեծրով բաշխված է բավականին անհավասար և ներկայացնում է եռանկյունի աստերոիդների երեք առանձին խտացումներով եռանկյունու գագաթներում, որոնք համապատասխանում են երեք հիմնական դիրքերին, որոնք համապատասխանում են Լագրանժի կետերին. նրանցից երկուսը տեղաբաշխված են L4 և L5 կետերի շրջակայքում, և մեկը` L3 կետում, Յուպիտերի ուղեծրի հակառակ կողմում[2]։ Դա ցույց է տրված նկարում, որի վրա այս ընտանիքի աստերոիդները նշված են շագանակագույն գույնով։ Այս ընտանիքի աստերոիդների շարժումը տեղի է ունենում այնպես, որ հատկապես L3 կետում է տեղակայված այս աստերոիդների ապոհելին։ Ընդ որում աստերոիդների մի մասը տեղակայված է հիմնական խտացումների միջև և նրանցից ամեն մեկը հերթականությամբ անցնում են բոլոր երեք Լագրանժի կետերով։
Ընտանիքը անվանվել է այս ընտանիքի կարևորագույն ներկայացուցիչներից մեկի (153) Հիլդա աստերոիդի անվամբ, որը հայտնաբերվել է 1875 թվականին ավստրիացի աստղագետ Յոհան Պալիսայի կողմից։ 2005 թվականի օգոստոսի դրությամբ հայտնի էին այս ընտանիքի 411 մարմինների մասին, որոնք ունեին սեփական անուններ ու ևս 546-ի մասին, որոնք ունեն ժամանակավոր նշանակում։ Այս պահին այս ընտանիքի անդամների քանակը անցել է 1100 աստերոիդը[1][3]։
Այս ընտանիքի անդամների միջև կարելի է հանդիպել մութ ածխածնային C սպեկտրալ դասի աստերոիդներ, սակայն գերակշիռ մասը պատկանում են D և P դասերին։ Այս երկու սպեկտրալ դասերը հանդիսանում են ամենատարածվածները աստերոիդների հիմնական գոտու արտաքին մասերում և Յուպիտերի տրոյացի աստերոիդների մեջ։ Այս սպեկտրալ դասերին են պատկանում նույնպես շատ գիսաստղերի միջուկները, ինչը ցույց է տալիս գիսաստղերի և հիմնական գոտու արտաքին մասի աստերոիդների մակերևույթների ընդհանուր միներալոլոգիական կազմությունը։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հիլդայի ընտանիքի աստերոիդները նույնպես կարող են ունենալ ընդհանուր ծագում[3]։