Հիպերնատրեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Հիպերնատրեմիա, արյան մեջ նատրիումի բարձր խտություն[1]։ Վաղ ախտանիշներ կարող են լինել ծարավի ուժեղ զգացումը, թուլությունը, սրտխառնոցը և ախորժակի կորուստը։ Հիմնական ախտանիշներն են շշմածությունը, մկանային դողը և ուղեղում կամ նրա շուրջ արյունահոսությունը։ Շիճուկում նատրիումի նորմալ մակարդակը կազմում է 135-145 մմոլ/լ[2]։ Հիպերնատրեմիան հիմնականում ախտորոշվում է շիճուկում նատիումի մակարդակի 145 մմոլ/լ-ից բարձրացման դեպքում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս 160 մմոլ/լ-ից բարձրացման ժամանակ։
Հիպերնատրեմիա | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | նեֆրոլոգիա |
ՀՄԴ-9 | 276.0 |
ՀՄԴ-10 | E87.0 |
Hypernatremia Վիքիպահեստում |
Սովորաբար տարբերում են հիպերնատրեմիայի երեք մակարդակ՝ ցածր, նորմալ և բարձր։ Ցածր հիպերնատրեմիան կարող է առաջանալ քրտնարտադրության, փսխման, փորլուծության, միզամուղների կամ երիկամային հիվանդության պատճառով։ Նորմալ հիպերնատրեմիա կարող է լինել տենդի, ջերմության իջեցման, երկարատև հաճախաշնչության, ոչ շաքարային դիաբետի և այլ պատճառներից՝ կապված լիթիումի հետ։ Բարձր հիպերնատրեմիա կարող է առաջանալ հիպերալդոստերոնիզմի, նատրիումի քլորիդի 3%-ոց լուծույթի կամ նատրիումի հիդրոկարբոնատի մեծ չափաբաժնով ներերակային նշանակման կամ հազվադեպ՝ սննդում կերակրի աղի չարաշահման հետևանքով։ Արյան սպիտակուցի քանակության ցածր մակարդակի ժամանակ կարող է դիտվել կեղծ հիպերնատրեմիա[3]։ Հիպերնատրեմիայի առաջացման պատճառը սովորաբար պարզվում է անամնեզի միջոցով։ Մեզի քննությունը կարող է օգնել, երբ պատճառը պարզ չէ[4]։ Հիմնական մեխանիզմը սովորաբար օրգանիզմում ջրի ազատ քանակության պահպանումն է[5]։
Եթե հիպերնատրեմիան սկսվում է մի քանի ժամում, ապա այն համեմատաբար արագ կարելի է շտկել կիրառելով ներերակային նատրիումի քլորիդ և գլյուկոզի 5%-ոց ջրային լուծույթ։ Նրանց համար, ովքեր չեն կարող ջուր խմել՝ կիրառվում է նատրիումի քլորիդի 0,45%-ոց լուծույթ։ Գլխուղեղի հիվանդության հետևանքով ծագած ոչ շաքարային դիաբետի ժամանակ հիպերնատրեմիան կարելի է շտկել դեսմոպրեսին դեղի միջոցով։ Եթե ոչ շաքարային դիաբետը առաջացել է երիկամային խնդիրների հետևանքով՝ դեղորայքային բուժումը դադարեցվում է կամ շտկվում է հիմնական էլեկտրոլիտային հաշվեկշռի խախտումը[6]։ Հիպերնատրեմիա ունենում են հիվանդանոցում պառկած հիվանդների 0,3-1%-ը։ Այն շատ հաճախ ունենում են երեխաները, հոգեպես ոչ կայուն անձինք և մեծահասակները։ Հիպերնատրեմիան կապված է մահացության բարձր ռիսկի հետ, բայց պարզ չէ՝ արդյոք դա է հիմնական պատճառը[7]։