Հոջկինի լիմֆոմա
From Wikipedia, the free encyclopedia
Հոջկինի լիմֆոման (ՀԼ), լիմֆոմայի տեսակ, որն առաջանում է արյան սպիտակ բջիջների յուրահատուկ տեսակներից՝ լիմֆոցիտներից[4]։ Ախտանիշներից են տենդը, գիշերային քրտնարտադրությունը և քաշի կորուստ[5]։ Երբեմն հանդիպում են անցավ մեծացած ավշային հանգույցներ պարանոցի հատվածում, թևատակերում կամ աճուկային շրջանում[5]։ Հիվանդները կարող են ունենալ հոգնածություն կամ քոր[5]։
Հոջկինի լիմֆոմա | |
---|---|
Հոջկինի լիմֆոմայի մանրադիտակային պատկեր | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Epstein–Barr virus infection? |
Հիվանդության ախտանշաններ | տենդ, գիշերային քրտնարտադրություն, քաշի կորուստ, անցավ մեծացած ավշային հանգույցներ |
Բժշկական մասնագիտություն | Արյունաբանություն և ուռուցքաբանություն |
Անվանվել է | Thomas Hodgkin? |
Ռիսկի գործոններ | Էպշտեյն-Բարի վիրուս, ընտանեկան պատմություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ |
Ախտորոշում | Ավշային հանգույցի բիոպսիա |
Բուժում | Քիմիոթերապիա, ճառագայթային բուժում, ցողունային բջիջների տրանսպլանտացիա |
Հաճախություն | 574,000 (ախտահարված մինչև 2015թ․)[1] |
Մահացություն | 23,900 (2015)[2] |
Կանխատեսում | 5-ամյա ապրելիությունը 86% (ԱՄՆ)[3] |
Hodgkin's lymphoma Վիքիպահեստում |
Հոջկինի լիմֆոմայի դեպքերի մոտ կեսը պայմանավորված է Էպշտեյն-Բարի վիրուսով (ԷԲՎ)[6]։ Այլ ռիսկի գործոններից է ընտանեկան պատմությունը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առկայությունը[5][6]։ Տարբերում են Հոջկինի լիմֆոմայի 2 հիմնական տիպ՝ դասական Հոջկինի լիմֆոմա և հանգուցային լիմֆոցիտ-պրեդոմինանտ Հոջկինի լիմֆոմա[7]։ Ախտորոշումը հիմնականում հաստատվում է Հոջկինի բջիջների հայտնաբերումով, ինչպիսիք են, օրինակ՝ ավշային հանգույցներում բազմակորիզանի Ռիդ-Շտերնբերգի բջիջները (ՌՍ բջիջներ)[5]։
Հոջկինի լիմֆոման կարող է բուժվել քիմիաթերապիայով, ճառագայթային թերապիայով կամ ցողունային բջիջների տրանսպլանտացիայով[8]։ Բուժման մեթոդի ընտրությունը սովորաբար կախված է քաղցկեղի բարդության աստիճանից և դրական կանխորոշիչ նշանների առկայությունից[8]։ Վաղ փուլերում հիվանդությունը հնարավոր է բուժել[9]։ ԱՄՆ-ում 5-ամյա ապրելիությունը 86% է[7]։ Մինչև 20 տարեկանը ապրելիությունը 97% է[10]։ Սակայն ճառագայթային բուժումը և որոշ քիմիոթերապևտիկ միջամտությունները հետագա մի քանի տասնամյակների ընթացքում մեծացնում են այլ քաղցկեղների, սրտային և թոքային հիվանդությունների առաջացման ռիսկը[9]։
2015 թվականին 574,000 մարդ հիվանդացել է Հոջկինի լիմֆոմայով, որոնցից 23,900 մահացել է[1][2]։ ԱՄՆ-ում մարդկանց 0,2%-ը կյանքի ընթացքում ձեռք են բերում տվյալ հիվանդությունը[7]։ Ախտորոշման միջին տարիքը 20-ից 40 տարեկանն է[7]։ Այն անվանվել է անգլիացի բժիշկ Թոմաս Հոջկինի անունով, ով առաջինը նկարագրել է այս հիվանդությունը 1832թ-ին[9][11]։