Օրաս Վերնեի նկարը From Wikipedia, the free encyclopedia
«Մահվան հրեշտակը» (անգլ.՝ Angel of the Death), ֆրանսիացի նկարիչ և դիվանագետ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Օրաս Վերնեի նկարը։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1851 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 146 × 113 սմ։ «Մահվան հրեշտակը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[2] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)։
«Մահվան հրեշտակը» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է քրիստոնեական այն հավատալիքը, ըստ որի Գաբրիել հրեշտակապետը գալիս է մահացածների մոտ և տանում նրանց հոգիները։ Այստեղ նկարված է մահացած երիտասարդ աղջիկ։ Նրա կրծքին Օրաս Վերնեն ոսկեգույն խաչ է պատկերել։ Աղջիկը գտնվում է երկնային լույսի ճառագայթների մեջ։ Սև հրեշտակը բռնել է աղջկա թևատակերից, որպեսզի նրան իր հետ տանի։ Մահճակալի սնարի մոտ ողբում է մի երիտասարդ տղամարդ։ Աջ կողմում հեղինակը բացված գիրք է վրձնել, որի վերևում Մարիամ Աստվածածնի սրբապատկերն է. սրբապատկերին ծառի ճյուղ է փակցված։ Վերջիններս լուսավորված են կանթեղի լույսով։ Նկարի աջ կողմի ամենաներքևում հեղինակի ստորագրությունն է ու ամսաթիվը՝ H. Vernet 1851:
«Մահվան հրեշտակը» կտավի սյուժեն ամենայն հավանականությամբ հեղինակի անձնական ողբերգության արդյունքում է ձևավորվել. մահացել էր նրա դուստրը՝ Լուիզան (1814-1848 թվականներ)։ Ըստ էության այս ստեղծագործությունը համարվում է այդ ողբերգական իրադարձության այլաբանական արգասիքը[3]։
1850-ական թվականների վերջին «Մահվան հրեշտակը» ստեղծագործությունը գնել է կոմս Նիկոլայ Ալեքսանդրովիչ Կուշելյով-Բեզբորոդկոն։ Վերջինիս մահվանից հետո, ինչպես նրա հավաքածուի բոլոր նկարները, «Մահվան հրեշտակը» նույնպես, կտակի համաձայն, ընծայաբերվում է Ռուսաստանի գեղարվեստական ակադեմիայի թանգարանին։ Այստեղ նկարը տեղ է զբաղեցնում Կուշելյովսկի պատկերասրահի հատվածում։ 1868 թվականի պատկերասրահի քարտագրացուցակում գրվում է «Մահվան կողմից հափշտակված կինը»[4] անվանումով։ 1922 թվականին կտավը փոխանցվում է Պետական Էրմիտաժին։ 2014 թվականի վերջից այն ցուցադրվում է Գլխավոր շտաբի 314 սրահում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.