Մայորի խնամախոսությունը
From Wikipedia, the free encyclopedia
«Մայորի խնամախոսությունը» (ռուս.՝ Сватовство майора), ռուս նկարիչ Պավել Ֆեդոտովի (1815-1852) նկարը՝ ստեղծված 1848 թվականին։ Պատկանում է Տրետյակովյան պատկերասրահին (ինվ. 5210): Նկարի չափերը՝ 58,3 × 75,4 սմ [1][2]:
Մայորի խնամախոսությունը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պավել Ֆեդոտով |
տարի | 1848 |
բարձրություն | 58,3 սանտիմետր |
լայնություն | 75,4 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ | |
Major Makes a Proposal Վիքիպահեստում |
Պավել Ֆեդոտովը «Մայորի խնամախոսությունը» (հայտնի է նաև «Մայորի ամուսնությունը» անվանումով) նկարի վրա սկսել է աշխատել 1848 թվականին, նույն թվականին էլ նկարն ավարտել է[3]։ 1849 թվականի աշնանը կտավը՝ «Հանգամանքների շտկում կամ խնամախոսություն» անվանումով, նկարչի ավելի վաղ արված 2 այլ նկարների հետ («Երիտասարդ կավալերը» (1846) և «Պահանջկոտ հարսնացուն» (1847)) ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում[3][4]։ Ըստ Ալեքսանդր Բենուայի՝ ցուցահանդեսում Ֆեդոտովի նկարներն «ունեցել են հսկայական հաջողություն, «Պոմպեյի» ժամանակներից աննախադեպ»[5]։ «Մայորի խնամախոսությունը» կտավի համար Գեղարվեստի ակադեմիան Ֆեդոտովին շնորհել է ակադեմիկոսի կոչում[3]։
Արվեստագետ Գալինա Լեոնտևան գրել է, որ «Մայորի խնամախոսությունը» «19-րդ դարի առաջին կեսի ռուսական նկարչության ուշագրավ ստեղծագործություններից մեկն է», որում «կերպարների ցնցող ճշտության շնորհիվ բարձրացված խնդրի նշանակությունն ավելի լուրջ է, քան նկարչի նախնական մտադրությունը»[6]։ Արվեստագետ Դմիտրի Սարաբյանովը նկարն անվանել է «գեղանկարչության բնագավառում Ֆեդոտովի բարձրագույն նվաճումներից մեկն է»[7]։
«Մայորի խնամախոսությունը» նկարի կրկնօրինակ տարբերակը, որի վրա նկարիչն աշխատել է 1850-1852 թվականներին, պահպանվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում (կտավ, յուղաներկ, 56 × 76 սմ , ինվ. Ж-4521)[8][9][10]: Չնայած Ռուսական թանգարանի տարբերակում սյուժեն և կոմպոզիցիան ամբողջովին պահպանվել է, սակայն այն ունի մի շարք էական տարբերություններ[11]։