Մենաշնորհ
From Wikipedia, the free encyclopedia
Մենաշնորհ (մոնոպոլիա հունարեն μόνος «միայնակ» + πωλέω «վաճառում եմ» բառերից )-կազմակերպություն, որը վերահսկում է շուկայում գինը և առաջարկի ծավալը[1] և որպես արդյունք կարող է մաքսիմիզացնել շահույթը[2]՝ ընտրելով առաջարկի ծավալը և գինը, կամ էլ ունի բացառիկ իրավունք՝ կապված հեղինակային իրավունքի, պատենտավորման, ապրանքանիշի կամ էլ պետության կողմից ստեղծված արհեստական մենաշնորհի հետ։
Շուկայում գերակա դիրք զբաղեցնելու արդյունքում երկարաժամկետ հատվածում ունեցած շահույթը կարող է գերազանցել դեմպինգի կամ շուկան գրավելու մեկ այլ ռազմավարության որդեգրումից առաջացած կորուստները[3][4]։ Ինչ-որ բարիքի ողջ շուկան գրավելու դեպքում, այդպիսի մենաշնորհ ունեցող ընկերության թողարկումը կլինի ողջ ոլորտի թողարկման ծավալը, իսկ ընկերության առաջարկը՝ ողջ ոլորտի առաջարկը։ Շատ երկրներում ընդունված են օրենքներ, որ հակամենաշնորհային են և խրախուսում են մրցակցությունը, ինչի համար ստեղծված են հակամենաշնորհային ծառայություններ։
Մենաշնորհի դեպքում կազմակերպությունը գործում է առանց նշանակալի մրցակիցների (թողարկում արտադրանքներ կամ առաջարկում ծառայություններ, որոնք չունեն փոխարինողներ) առկայության պայմաններում։ Մենաշնորհի դեպքում շուկայում գործում է մեկ վաճառող. դա կարող է լինել ինչպես պետական մենաշնորհ, այնպես էլ մանսավոր մենաշնորհ՝ կարգավորվող կամ չկարգավորվող։
Մենաշնորհը, գերիշխելով տնտեսության որոշակի ճյուղերում և կենտրոնացնելով արտադրվող ապրանքների զգալի մասը, շուկայում սահմանում է բարձր գին, որը զգալիորեն գերազանցում է արտադրության համար աշխատանքային և նյութական նորմալ ծախսումները։ Մենաշնորհը ձգտում է սահմանափակել ապրանքների թողարկումը և առաջարկում ապրանքների պակասորդ, այնքան որ պահանջարկը գերազանցի առաջարկին։ Այս դեպքում մենաշնորհի եկամուտը կազմում է ապրանքի արժեքի և արհեստականորեն բարձրացված գնի միջև տարբերությունը։ Այսպես, մենաշնորհի եկամտին է միանում գնորդների նորմալ եկամտի մի մասը։
Մենաշնորհային շուկայում պահանջարկի օրենքը չի գործում։ Մրցակցային մակարդակը գերազանցող մոնոպոլ գներն ու շահույթը ուղղակի հակասում են սպառողների շահերին։ Այն իջեցնում է բնակչության կենսամակարդակը, քանի որ սպառողը ստիպված վճարում է բարձր գին, կրճատելով իր մյուս ծախսերը, իջեցնում է ապրանքների գները։ Այն նվազեցնում է արտադրության տնտեսական արդյունավետությունը, քանի որ մոնոպոլիաները չեն հոգում ծախսերի տնտեսման մասին և դրանց դիմաց վճարում են սպառողները։ Մոնոպոլ գինը շուկայական գնի հատուկ տեսակ է, որը սահմանվում է հավասարակշռված գնից բարձր կամ ցածր մակարդակի վրա՝ նպատակ ունենալով ստանալ մոնոպոլ շահույթ։ Գնորդը նույնպես կարող է ունենալ միակը լինելու իշխանություն, այն անվանում են մոնոպսոնիա։