Մոսկովյան Կրեմլ
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկովյան Կրեմլ (ռուս.՝ Моско́вский Кре́мль[1]), Մոսկվայի հնագույն մասը, քաղաքի կենտրոնում ընկած ճարտարապետական ամրացված համալիր[2], մայրաքաղաքի գլխավոր հասարակական-քաղաքական, կրոնական և պատմական համալիրը, Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական նստավայրը։ Նախկինում նրա մեծ պալատը եղել է ռուսական ցարերի մոսկովյան նստավայր։ Խորհրդային տարիներին Կրեմլում է գտնվել ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարի, 1990-1991 թվականներին՝ ԽՍՀՄ նախագահի նստավայրը։ Գտնվում է Բորովիցկի բլրի վրա, Մոսկվա գետի ձախ ափին՝ դրա մեջ Նեգլիննայա վտակի թափվելու վայրի մերձակայքում։ Ըստ հատակագծի իրենից ներկայացնում է անկանոն եռանկյունի։ Զբաղեցնմում է 27,5 հեկտար տարածք։ Ներառում է հինգ պալատ, չորս տաճար, որոնք շրջապատված են աշտարակավոր պարսպով։ Գործում է Մոսկովյան Կրեմլի թանգարանը, որը 2017 թվականի տվյալներով տարեկան ունենում է շուրջ երեք միլիոն այցելու[3]։ Կրեմլի հարավային պատը նայում է Մոսկվա գետին, արևելյանը՝ Կարմիր հրապարակին ու Վասիլի Երանելու տաճարին, արևմտյանը՝ Ալեքսանդրյան այգուն[4]։
Մոսկովյան Կրեմլը և Կարմիր հրապարակը | |
Kremlin and Red Square* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ռուսաստան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1990 (14-րդ նստաշրջան) |
Համար | 545 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Կրեմլ բառը նշանակում է ամրոց քաղաքի ներսում[5]։ Այն հաճախ գործածվում է փոխաբերաբար՝ նշելու համար Ռուսաստանի կառավարությունը (իսկ խորհրդային տարիներին՝ ԽՍՀՄ կառավարությունը) և նրա ղեկավարներին։
Մոսկովյան Կրեմլը, որ աշխարհի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից է, բաց է հանրության առջև։ Տրամադրվում են էքսկուրսիաներ, շրջագայելու հնարավորություն ու միջոցներ[6]։