Մրսածություն
From Wikipedia, the free encyclopedia
Մրսածություն, կամ հարբուխ, վերին շնչուղիների վիրուսային վարակիչ հիվանդություն, որը հիմնականում ախտահարում է քթի խոռոչը[1]։ Ըմպանը, հարքթային ծոցերը և կոկորդը նույնպես կարող են ախտահարվել[2]։ Ախտանիշերը կարող են երևան գալ վարակումից հետո՝ երկու օրվա ընթացքում[2]։ Դրանք ներառում են հազ, ցավ ըմպանում և կոկորդում, քթահոսություն, փռշտոց, գլխացավ և տենդ[3]։ Մարդիկ հիմնականում կազդուրվում են յոթից տաս օր անց։ Որոշ ախտանիշեր կարող են տևել մինչև երեք շաբաթ[4]։ Առողջական այլ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կարող է զարգանալ թոքաբորբ։
Մրսածություն | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Rhinovirus?, Կորոնավիրուսներ, Ադենովիրուսներ, Մարդու ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս, H. metapneumovirus?, human parainfluenza? և human bocavirus? |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում, օդակաթիլային փոխանցում, կոնտակտային փոխանցում, ուղիղ եթեր և fomite transmission? |
Հիվանդության ախտանշաններ | հազ, կոկորդի ցավ, քթահոսություն, տենդ, Աղմուկ ականջներում, Խռմփոց, գլխացավ, փռշտոց և Քթի փակվածություն |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն, վարակաբանություն և ականջաքթակոկորդաբանություն |
ՀՄԴ-10 | J00 |
Common cold Վիքիպահեստում |
Ավելի քան 200 վիրուսային շտամեր հանդիսանում են մրսածության պատճառ. ռինովիրուսները ամենատարածվածներն են։ Նրանք վարակված մարդկանց հետ սերտ շփման ընթացքում օդի միջոցով տարածվում են և անուղղակիորեն՝ շրջակա միջավայրի առարկաների հետ շփման միջոցով, ինչից հետո դրանք փոխանցվում են բերան կամ քիթ։ Ռիսկի գործոնների մեջ մտնում են երեխաների խնամքը, անբավարար քունը և հոգեբանական սթրեսը։ Ախտանիշերը հիմնականում պայմանավորված են վարակի դեմ մարմնի իմունային արձագանքով, այլ ոչ թե վիրուսների կողմից հյուսվածքների քայքայման հետևանքով[5]։ Գրիպով վարակված մարդկանց մոտ հաճախ նմանատիպ ախտանիշեր են ի հայտ գալիս, թեև ախտանիշերը դրա դեպքում ավելի ծանր են ընթանում[2]։ Գրիպը ավելի քիչ հավանական է, որ կհանգեցնի քթահոսության[6]։ Մրսածության դեմ չկա ոչ մի պատվաստանյութ[7]։
Կանխարգելման հիմնական մեթոդներն են ձեռքերի լվացումը, աչքերին, քթին կամ բերանին չլվացված ձեռքերով չդիպչելը և հեռու մնալը այլ վարակված մարդկանցից[7]։ Որոշ ապացուցողական տվյալներ հաստատում են դեմքի դիմակների կիրառության արդյունավետությունը[8]։ Մրսածության դեմ բուժում չկա, սակայն կարող են բուժվել ախտանիշերը։ Ցինկը կարող է կրճատել ախտանիշերի տևողությունը և ծանրությունը, եթե կիրառվում է ախտանիշերի ի հայտ գալուց անմիջապես հետո[9]։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), որոնցից է իբուպրոֆենը, կարող են օգնել ցավերի դեմ։ Հակաբիոտիկները մրսածության դեպքում չպետք է օգտագործվեն[10]։ Հակահազային դեղամիջոցների կիրառման վերաբերյալ չկան բավարար ապացուցողական տվյալներ[2][11]։
Մրսածությունը մարդկանց շրջանում ամենատարածված վարակիչ հիվանդությունն է[12]։ Միջին վիճակագրական տվյալներով չափահասները հիվանդանում են տարեկան 2-3 անգամ, իսկ երեխաները՝ 6-8 անգամ[1][13]։ Դրանք հաճախ հանդիպում են ձմռանը[7]։ Այս հիվանդությունը գոյություն է ունեցել մարդկության պատմության ամբողջ ընթացքում[14]։