From Wikipedia, the free encyclopedia
Նավասարդյան խաղեր, Հին Հայաստանում տարեմուտի՝ Նավասարդի տոնակատարության ժամանակ կազմակերպվող մարզական մրցումներ էին։ Նավասարդը հին հայկական տոմարի առաջին ամիսն է և հաջորդել է տարվա վերջին՝ Ավելյաց կոչվող տոնական 5 օրերին։ Նրա առաջին օրը համապատասխանել է օգոստոսի 11-ին[1]։
Նավասարդի առաջին օրերին կազմակերպվել են ամենաբազմամարդ՝ «համաշխարհական» տոնահանդեսներ։ Ուխտավորները, ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգևորականությունը հանդիսավոր երթերով խմբվել են Տարոն և Բագրևանդ գավառների սահմանագլխին՝ սրբազան Արածանի գետի և Նպատ լեռան շուրջը, ինչպես նաև վերջինիս ստորոտին գտնվող Բագավան հեթանոսական տաճարում՝ տոնելու Նոյ նախահոր և Ջրհեղեղի, Արամազդ աստվածահոր, Անահիտ դիցամոր նվիրական հիշատակները։ Տոնահանդեսներն ուղեկցվել են զոհաբերություններով, խրախճանքներով, որսորդական զվարճություններով։ Այդ օրերին էին կազմակերպվում նաև Նավասարդյան խաղերը, որոնք սովորաբար տևում էին մի ամբողջ շաբաթ. մարզիկները մրցում էին վազքից, հեռացատկից, սրամարտից, ըմբշամարտից, կռփամարտից, նիզականետումից, գնդակախաղից, ձիարշավից և այլ մարզաձևերից, որոնք ուղեկցվում էին երգերով ու պարերով։ Սփյուռքահայ բարեգործական և հայրենակցական կազմակերպություններն արդեն ավելի քան հինգ տասնամյակ է, ինչ անցկացնում են նոր Նավասարդյան խաղեր, որոնց նպատակն է ազգայինի զարթոնքն ու ավանդույթների պահպանումը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազգային միասնության գաղափարախոսության արմատավորումը։ Այդ նպատակին են ծառայում նաև 1999 թ-ից Հայաստանում անցկացվող Համահայկական խաղերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.