Նեգրոիդ ռասա
From Wikipedia, the free encyclopedia
Նեգրոիդ ռասա (նաև՝ հասարակածային ռասա, արևմտահասարակածային ռասա), մարդկային մեծ ռասաներից մեկը, որ ավանդաբար առանձնացվում է եվրոպեոիդ, մոնղոլոիդ և ավստրալոիդ ռասաների հետ[1][2][3]։ Նեգրոիդ ռասային յուրահատուկ են մուգ մաշկը, գանգուր մազերը, լայն քիթը, հաստ շրթունքները, ծնոտի ցցվածությունը[4]։
19-20-րդ դարերում մարդկային ռասաների բազմաթիվ դասակարգումներում նեգրոիդներն ավստրալոիդների հետ ընդգրկվել են նեգրա-ավստրալոիդ (հասարակածային) վարկածային ռասայի մեջ (մասնավորապես Գեորգի Դեբեցի, Յակով Ռոգինսկու ու Մաքսիմ Լևինի և այլ մարդաբանների դասակարգումներում)[5][6]՝ առանձնացվելով որպես այդ ռասայի աֆրիկյան ճյուղ[4]։ Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկու ռասաների գենետիկական տարբերություններն ավելի մեծ են, քան դրանցից յուրաքանչյուրի ու ցանկացած այլ ռասայի միջև, իսկ արտաքին որոշ նմանություններ (մաշկի ու աչքերի մուգ գույն, մազերի գույն, գանգրություն և այլն) բացատրվում է կյանքի նման պայմաններին հարմարվելով[7]։ Արևմտյան գրականության մեջ «նեգրոիդ» տերմինը կարող է օգտագործվել նեգրական ռասայի վերաբերյալ՝ չհաշված նեգրիլներին ու կոյսանոիդներին[8]։ Ամերիկացի մարդաբան Կարլտոն Կունը նեգրոիդ ռասայի ներկայացուցիչների վերաբերյալ օգտագործում է «կոնգոիդներ» տերմինը[9][10]։