Նեոլիբերալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Նեոլիբերալիզմ[1] (նորազատականություն, անգլ.՝ neoliberalism), քաղաքական տնտեսագիտության և փիլիսոփայության ուղղություն է, որը ստեղծվել է 1930-ական թվականներին՝ laissez-faire տնտեսական ազատականության գաղափարների հիման վրա[2] և հասել է իր ծաղկմանը 20-րդ դարի 1980-1990-ական թվականներին։ Նեոլիբերալիզմը ներառում է այնպիսի տնտեսական ազատականացման քաղաքականություններ, ինչպիսիք են՝ սեփակնաշնորհումը, խիստ տնտեսման քաղաքականությունը, ապակարգավորումը, ազատ առևտուրը և կառավարական ծախսերի կրճատումը՝ մասնավոր սեկտորի դերը տնտեսության և հասարակության մեջ բարձրացնելու նպատակով[3][4][5][6][7][8] : Շուկայի վրա հիմնված այս գաղափարները և քաղաքականությունները թույլ տվեցին իրականացնել պարադիգմի անցում քեյնասականությունից[9][10]։ «Նեոլիբերալիզմ» եզրույթը ստեղծվել է 1938-ին Փարիզում կայացած մի հանդիպման ժամանակ։ Պատվիրակների մեջ էին երկու անձ՝ Լյուդվիգ ֆոն Միզեսը և Ֆրիդրիխ Հայեկը, որոնք հետագայում սահմանեցին գաղափարախոսությունը։ Լյուդվիգ ֆոն Միզեսը և Ֆրիդրիխ Հայեկը վտարանդի ավստրիացիներ էին, ովքեր սոցիալ-դեմոկրատիան, ինչի օրինակներներ էին Ֆրանկլին Ռուզվելթի Նոր համաձայնությունը և Բրիտանիայում համընդհանուր բարեկեցության պետության աստիճանական զարգացումը, համարում էին նացիզմի և կոմունիզմի հետ միևնույն սպեկտրում գտնվող կոլեկտիվիզմի դրսևորում։
1944 թվին հրապարակված «Ճորտության ուղին» գրքում Հայեկը պնդում էր, որ պետության կողմից պլանավորումը, ճնշելով ինդիվիդուալիզմն, անխուսափելիորեն կհանգեցնի ամբողջատիրական վերահսկողության։ Երբ 1947-ին Հայեկը հիմնադրեց նորազատականության ուսմունքը տարածող առաջին կազմակերպությունը՝ Մոնթ Փելերին համայնքը, դրան ֆինանսապես աջակցեցին միլիոնատերներն ու իրենց հիմնադրամները[11]։