Նեոռենեսանս
From Wikipedia, the free encyclopedia
Նեոռենեսանս (անգլ.՝ Neo-Renaissance), 19-րդ դարում տարածում գտած նոր ոճի պայմանական անվանում։ Ոճի հիմքը կազմում է իտալական Վերածննդի ճարտարապետությունը. այստեղից էլ ծագել է անվանումը[1]։ Ի տարբերություն 16-րդ դարի հռոմեական կլասիցիզմի՝ 17-րդ դարի կլասիցիզմը և 18-րդ դարի նեոկլասիցիզմը շինությունների կոմպոզիցիայում, ինտերիերի, կահույքի ձևավորման մեջ, դեկորատիվ-կիրառական արվեստում էկլեկտիկայի միջոցով միավորում էր Հյուսիսային Վերածննդի արվեստի (Ֆլանդրիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Անգլիա) գոթական մոտիվները, ֆրանսիական Վերածննդի և գերմանական բարոկկոյի ձևերը[2]։
Արևմտյան Եվրոպայում նեոռենեսանսի ճարտարապետական ոճը տարբեր ձևեր է ստացել՝ կախված միջնադարյան ու Վերածննդի արվեստի տեղական ավանդույթներից։ Սովորաբար առանձնացնում են երկու ուղղություն, որոնք պայմանակնորեն կոչվում են իտալական և գերմանական։ Առաջինին առավել բնորոշ են համաչափությունը, ռացիոնալ համամասնությունները, որմնասյուներով օրդերները, ռուստիկան, կամարակապ և վենետիկյան պատուհանները։ Գերմանական ուղղությանը բնորոշ են ուղղահայացությունը (ի տարբերություն իտալական հորիզոնականության), աշտարակները, շինությունների անկյունաձև ելուստները, ունելիքի տեսքով բարձր տանիքները, էրկերները։ Գունային երանգավորումը բնորոշվում է կարմիր աղյուսի և սպիտակ քարի համադրմամբ, որը հաճախ սպիտակ գծեր է առաջացրել. այն կոչվել է «որձաքարի շերտ» (հոլ.՝ speklagen):