Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիր
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիր (ուկրաիներեն՝ Угода про асоціацію між Україною та Європейським Союзом, անգլ.՝ Ukraine–European Union Association Agreement), միջազգային պայմանագիր, որի նպատակը Ուկրաինայի և Եվրոպական Միության միջև քաղաքականության, առևտրի, մշակույթի և անվտանգության ամրապնդման համար ինտեգրման խորացումն է։ Ասոցացման համաձայնագիրը փոխարինել է նախկին՝ 1994 թվականին ստորագրված Եվրոպական համայնքների և Ուկրաինայի միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին։
Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիր | |
---|---|
ուկրաիներեն՝ Угода про асоціацію між Україною та Європейським Союзом անգլ.՝ Ukraine–European Union Association Agreement | |
Պայմանագրի տիպ | Համաձայնագիր Եվրոպական միության հետ ասոցացման մասին |
Պատրաստվել է | 2012 թվական մարտի 30 |
Ստորագրվել է — վայր |
2014 թվականի մարտի 21[1] և հունիսի 27[2] Բրյուսել |
Ստորագրել են | 28 / 31 |
Կողմեր | Եվրոպական Միություն Եվրոպական Միության անդամ 28 երկրներ Եվրատոմ |
Լեզուներ | Եվրոպական Միության բոլոր պաշտոնական լեզուներ և ուկրաիներեն |
Կայք | Համաձայնագրի տեքստը |
Ասոցացման Համաձայնագրի վերաբերյալ բանակցություններն ընթացել են Ուկրաինայի և Եվրամիության միջև 2007 թվականին։ Նոր փաստաթղթի տեքստը վերջնականապես համաձայնեցվել է դեռևս 2011 թվականի նոյեմբերին, բայց Եվրամիության և Ուկրաինայի միջև հարաբերությունների բարդացման հետևանքով դրա ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է, ընդ որում, Եվրամիությունը մի շարք նախապայմաններ է առաջադրել Ուկրաինայի ղեկավարությանը։ 2012 թվականի մարտի 30-ին Ուկրաինայի և Եվրամիության պատվիրակությունների ղեկավարների միջև Համաձայնագիրը նախաստորագրվել է։ 2013 թվականի նոյեմբերին, Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից մի քանի օր առաջ, երբ նախատեսվում էր անցկացնել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, նախապատրաստման գործընթացը դադարեցվել է Ուկրաինայի կառավարության նախաձեռնությամբ[4]։
Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարումը հանգեցրել է Կիևում զանգվածային բողոքի ցույցերի, և գրեթե երեք ամիս տևած կոշտ դիմակայությունից հետո 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում իշխանափոխություն է տեղի ունեցել։ Նոր կառավարությաբ կարգադրությամբ մարտի 2-ին վերսկսել են համաձայնագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքները։ Մարտի 21-ին ԵՄ ներկայացուցիչները և Արսենի Յացենյուկը ստորագրել են Համաձայնագրի քաղաքական բլոկը, դաշինքի այն մասը, որը վերաբերում է քաղաքական փոխգործակցությանը, անվտանգության հարցերին և ահաբեկչության դեմ պայքարին[5]։ 2014 թվականի հունիսի 27-ին ստորագրվել է Համաձայնագրի տնտեսական մասը[6]։
2014 թվականի սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել Ուկրաինայի և Եվրոպական միության միջև Ասոցացման համաձայնագրի օրինագծի վավերացմանը, որը նույն օրը ստորագրել է նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Սակայն 2014 թվականի սեպտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած «Ուկրաինա - Ռուսաստան - ԵՄ» բանակցություններում Ռուսաստանի պահանջով պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինա - ԵՄ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի իրագործումը հետաձգել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը։ 2014 թվականի նոյեմբերի 1-ին Ուկրաինան ձեռնամուխ է եղել Համաձայնագրի հիմնական դրույթներն իրականացնելուն, բացառությամբ ազատ առևտրի գոտու ստեղծմանը[7]։ 2016 թվականի հունվարի 1-ից ժամանակավոր կիրառման ռեժիմով սկսել են գործել նաև ազատ առևտրի գոտու նկատմամբ դրույթները[8]։ Համաձայնագրի վավերացումն ավարտվել է Եվրամիության կողմից 2017 թվականի հուլիսի 11-ին (հաստատումը Եվրոպական միության խորհրդի կողմից)։ Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2017 թվականի սեպտեմբերի 1-ից։