Ուշադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ուշադրություն, արթունության ակտիվ վիճակ, ընկալման ընտրողական ուղղվածություն, որը բնութագրվում է օրգանիզմի պատրաստակամությամբ՝ պատասխանելու ազդակին և արտահայտվում որոշակի օբյեկտի նկատմամբ հոգեկան գործունեության ուղղվածությամբ, որն անհատի համար ունի հաստատուն կամ իրավիճակային նշանակություն, հոգեկանի կենտրոնացում, որը ենթադրում է զգայական, ինտելեկտուալ և շարժողական ակտիվության բարձր մակարդակ։ Ուշադրության առաջացման հիմքում ընկած է նյարդային գործընթացների ակտիվացումը, որոնք նպաստում են արթուն մի վիճակից անցնելու ավելի բարձր վիճակի։
Ուշադրության՝ որպես հոգեբանական ֆենոմենի վերաբերյալ հոգեբանության մեջ չկա միասնական կարծիք։ Մի կողմից, ուշադրությունը դիտարկվում է որպես ինքնուրույն հոգեկան երևույթ։ Կա կարծիք, որ ուշադրությունը ինքնուրույն երևույթ չէ, քանի որ այս կամ այն չափով դրսևորվում է ցանկացած հոգեկան գործընթացում։ Մյուս կողմից, խնդիր է առաջանում, թե հոգեկան երևույթների որ դասին է պատկանում ուշադրությունը։ Որոշները գտնում են, որ այն ճանաչողական հոգեկան գործընթաց է։ Մյուսները՝ ուշադրությունը կապում են կամքի և գործունեության հետ, քանի որ ցանկացած գործունեություն, այդ թվում՝ ճանաչողական, հնարավոր չէ առանց ուշադրության, իսկ հենց ուշադրությունը պահանջում է կամային ներդրում։
Ուշադրության ֆենոմենի բացատրությունը դժվար է, որովհետև ֆունկցոնալ առումով այն միշտ «ինչ-որ բանի ուշադրություն է»։ Ուստի ուշադրությունը հոգեֆիզիոլոգիական գործընթաց է, վիճակ, ճանաչողական գործընթացների դրսևորման դինամիկա։ Ուշադրությունը հենց պայմանավորում է զգայության օրգանների միջոցով ստացված ինֆորմացիայի ընտրողականությունը, գիտակցումը։ Ուշադրությունն ապահովում է գիտակցության հստակությունը, հոգեկան գործունեության գիտակցումը այս կամ այն ժամանակահատվածում։
Ֆիզիոլոգիական տեսանկյունից ուշադրության հիմքում ընկած է կողմնորոշային ռեֆլեքսը։ Ուշադրության դրսևորումը համարվում է հետազոտական վարքի, օրգանիզմի հարմարվողական ճանաչողական գործունեության սկիզբը, անհրաժեշտ տեղեկատվության ընտրությունը։