Պալիատիվ օգնություն
From Wikipedia, the free encyclopedia
Պալիատիվ օգնություն (ֆրանսերեն՝ palliatif, լատիներեն՝ pallium ծածկոց, թիկնոց բառից), ամոքիչ օգնություն, մոտեցում, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների (քաղցկեղով և կյանքը սահմանափակող այլ հիվանդություններ) խնդրին բախվող հիվանդների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ցավի և այլ ֆիզիկական ախտանիշների վաղ հայտնաբերման, մանրակրկիտ գնահատման և բուժման օգնությամբ տառապանքների կանխարգելման ու թեթևացման, ինչպես նաև հիվանդին և նրա հարազատներին հոգեբանասոցիալական ու հոգևոր աջակցության տրամադրման միջոցով[1]։
«Պալիատիվ» հասկացությունն առաջացել է լատիներեն «pallium» բառից, որն ունի «դիմակ», «թիկնոց» բառերի նշանակությունը։ Դա ներկայացնում է պալիատիվ (ամոքիչ) օգնության բովանդակությունը և փիլիսոփայությունը. անբուժելի հիվանդության դրսևորումների հարթեցում, մեղմացում և/կամ թիկնոցով ծածկում՝ ծածկոցի ստեղծում բոլոր նրանց պաշտպանության համար, ովքեր մնացել են «ցրտում և անօգնական պայմաններում»։
Պալիատիվ խնամքը տրամադրվում է բժիշկների, բուժքույրերի և առողջապահական այլ մասնագետների կողմից։ Դեղորայքը և բուժման ձևերը համարվում են պալիատիվ, եթե դրանք մեղմացնում են ախտանիշները՝ առանց հիվանդության վրա բուժիչ ազդեցության։
Չնայած պալիատիվ խնամքը նոր երևույթ չէ, սակայն շատ բժիշկներ նախընտրում են կենտրոնանալ հիվանդների ամբողջական բուժման վրա։ Ախտանիշների կրճատմանն ուղղված բուժման եղանակները համարվում են վնասակար, կախվածություն առաջացնող և այլ կողմակի հետևանքներ ունեցող[2]։
Պալիատիվ խնամքի կարևոր հատկանիշ է այն, որ ինչպիսին էլ լինի հիվանդությունը, ինչպիսի փուլում էլ այն գտնվի, ինչպիսի բուժումներ էլ անցկացված լինեն, այնուամենայնիվ, գլխավոր նպատակը հիվանդի տառապանքների թեթևացումը և կյանքի որակի բարելավումն է։ Այն հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը[3]։