Պաղնատուն
Մեծ Հայքի Ծոփք նահանգի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Պաղնատուն (նաև՝ Պաղնա գավառ, Խոզան), գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում, Արածանու Պաղին վտակի ավազանում[1]։ Այստեղ է գտնվել Արղանա-Մադեն քաղաքը։
Կոչվել է իր գլխավոր բերդերի՝ Պաղինի ու Խոզանի անուններով։ Հարավից սահմանակից էր Բալահովիտ, արևելքից՝ Հաշտյանք, հյուսիս-արևելքից՝ Խորձյան, հյուսիս-արևմուտքից՝ Մնձուր (Մուզուր), արևմուտքից՝ Ծոփք Շահունյաց գավառներին։ Ունի բարեբեր դաշտեր ու ոսկու պաշարներ։
Մեծ Հայքի բաժանումից (387) հետո Պաղնատունն անցել է Բյուզանդական կայսրությանը (մտել է Ներքին Հայք կուսակալության մեջ՝ որպես ինքնավար իշխանություն)։ VII - IX դդ․ անցել է մերթ բյուզանդական, մերթ արաբական նվաճողների ձեռքը։ IX - XI դդ․ մնացել է Բյուզանդիային, 1071-ից տիրել են սելջուկյան թուրքերը։ Այնուհետև ենթարկվել է զանազան վաչկատուն ցեղերի ավերածություններին։ XIX դ․ վերջից մտնում էր Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառակի (կազա) մեջ։
Տարածվում է Խորձյանից հարավ՝ Արածանիի աջ կողմում։ Գավառի նշանավոր վայրը եղել է Պաղին բերդը, որը գտնվել է այժմ ավերակ դարձած Պաղին գյուղի տեղում։ Պաղինը եղել է հին Հայաստանի ամուր բերդերից մեկը։ Այս գավառից է եղել Հովսեփը, որը Սահակի և Մեսրոպ Մաշտոցի կողմից արտասահման կրթության ուղարկված «առաջին թարգմանիչների» թվին է պատկանում։
Պաղնատան հայ բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։