Պանթյուրքիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Պանթյուրքիզմ (Համաթյուրքականություն) (թուրքերեն՝ Türkçülük), մշակութային և դիվանագիտական հոսանք,գաղափարախոսություն, որն ի հայտ եկավ XIX դարի երկրորդ կեսում[1]՝ 1880-ական թվականներին, Ադրբեջանի թյուրքական մտավորականների շրջանում (այն ժամանակ ՝ Ռուսական կայսրության մի մաս) և Օսմանյան կայսրությունում (ժամանակակից Թուրքիա)։ Այն տարածված է թյուրքական ազգերով բնակեցված պետութույուններում և որի հիմքն է իրենց էթնիկ, մշակութային և լեզվային ընդհանրության հիման վրա ստեղծել դիվանագիտական համախմբում։ Պանթյուրքիզմը շարժում է, որի նպատակը բոլոր թյուրքական ժողովուրդների մշակութային և քաղաքական միավորումն էր[2][3][4][5][6]։ Շարժումը սկսվեց Ղրիմի թուրքերի շրջանում, որոնք սկզբում ձգտում էին միավորվել Օսմանյան կայսրության թուրքերի հետ։ Թուրանիզմը սերտորեն կապված շարժում է, բայց ավելի ընդհանուր տերմին է, քան թյուրքականությունը, քանի որ թյուրքականությունը վերաբերում է միայն թուրք ժողովրդին։ Այնուամենայնիվ, թյուրքական գաղափարախոսությամբ զբաղվող հետազոտողներն ու քաղաքական գործիչներն այս տերմիններն օգտագործել են որպես հոմանիշներ շատ աղբյուրներում և գրականության աշխատություններում[7]։ Թեև թյուրքական ժողովուրդներից շատերը կիսում են պատմական, մշակութային և լեզվական արմատներ, պանթյուրքական քաղաքական շարժման վերելքը 19-րդ և 20-րդ դարերի երևույթ է[8]։ Դա մասամբ պատասխանն էր Եվրոպայում պանսլավիզմի և պանգերմանականության զարգացմանը և ազդեց պանիրանականության վրա Ասիայում։ Զիյա Գյոկալպը սահմանեց պանթյուրքիզմը որպես մշակութային, ակադեմիական, փիլիսոփայական[9] և քաղաքական[10] հայեցակարգ, որը պաշտպանում է թյուրք ժողովուրդների միասնությունը։
Հետազոտական գրականության մեջ «պանթյուրքիզմ» տերմինն օգտագործվում է թուրքալեզու ժողովուրդների քաղաքական, մշակութային և էթնիկ միասնության գաղափարները նկարագրելու համար։ Թուրանիզմը Պանթյուրքիզմին սերտորեն կապված շարժում է, բայց ավելի լայն հասկացություն է, քանի որ Թուրքիզմը վերաբերում է միայն թյուրքական ժողովուրդներին։
1924 հրատարակած իր աշխատությունում հայ քաղաքական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը գրում էր հետևյալը պանթյուրքիզմի մասին.
Նրանք ռուսին համարում էին իրենց մահացու թշնամի, որովհետև նա իր ծոցում ուներ 26 միլիոնից ավելի իրենց ցեղակից հպատակներ, որոնք գլխավորապես ապրում էին Տաճկաստան սահմանամերձ վայրերում, ինչպես, օրինակ, Պարսկաստանի Ատրպատականը և Անդրկովկասի Ադրբեջանն էր։ Այդ երկրամասերիի բնակչության ճնշող մեծամասնությունը ցեղակից թաթարներ էին և եթե նրանց մեջտեղը չլինեին հայերը, վրացիները, քրդերը և պարսիկները, այն ժամանակ Պոլսից մինչև Չինական պատերը նրանք կունենային կրոնով իսլամ ու ցեղակից միապաղաղ ազգություն։ Երբ իրագործվի այդ միությունը, մյուս իսլամներն էլ պիտի համախմբվեն և ենթարկվեն այդ միության, և մոտիկ ապագայում, ինչպես Լենկթեմուրի ժամանակները, այդ հսկա ուժը տեր և տիրական պիտի դառնա ամբողջ Արևելքին[11]։