Թուրքեր
From Wikipedia, the free encyclopedia
Չպետք է շփոթել Թյուրքերի հետ
Թուրք ժողովուրդ կամ թուրքեր(թուրքերեն՝ Türkler), որոնք հայտնի են նաև որպես անատոլիայի թուրքեր,(թուրքերեն՝ Anadolu Türkleri), թյուրքական էթնիկ խումբ են և ազգություն, որոնք հիմնականում բնակվում են Թուրքիայում և խոսում են թուրքերեն` ամենատարածված թյուրքական լեզվով։ Նրանք Թուրքիայի ամենամեծ էթնիկ խումբն են, ինչպես նաև թյուրք ժողովուրդների շրջանում ներկայումս ամենամեծ էթնիկ խումբը։ Էթնիկ թուրքական փոքրամասնություններ կան նախկին Օսմանյան կայսրության հողերում։ Բացի այդ, ստեղծվել է թուրքական սփյուռք՝ մասնավորապես Արևմտյան Եվրոպայում։
Կենտրոնական Ասիայի թուրքերը բնակություն հաստատեցին Անատոլիայում 11-րդ դարում՝ սելջուկյան թուրքերի նվաճումների ժամանակ։ Այնուհետև տարածաշրջանը սկսեց հունական քրիստոնեական գերակշռող հասարակությունից վերածվել թուրք մուսուլմանի[72]։ Դարերի ընթացքում Օսմանյան կայսրությունը սկսեց իշխել Բալկանների, Կովկասի, Մերձավոր Արևելքի(բացառությամբ Իրանի) և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասի վրա։ Կայսրությունը գոյատևեց մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը, երբ պարտության մատնվեց դաշնակիցների կողմից և բաժանվեց։ Թուրքիայի անկախության պատերազմից հետո, որն ավարտվեց, երբ թուրքական ազգային շարժումը հետ նվաճեց դաշնակիցներին զիջած տարածքների մեծ մասը, շարժումը 1922 թվականի նոյեմբերի 1-ին վերացրեց Օսմանյան սուլթանությունը և 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակեց Թուրքիայի Հանրապետություն ։ Ոչ բոլոր օսմանցիներն էին մուսուլմաններ, և ոչ էլ բոլոր օսմանյան մուսուլմաններն էին թուրքեր, բայց մինչև 1923 թվականը նոր թուրքական հանրապետության սահմաններում ապրող մարդկանց մեծամասնությունը ճանաչվում էր որպես թուրքեր։
Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածը անձին «թուրք» է որակում հետևյալ սկզբունքով․ «յուրաքանչյուր ոք, ով քաղաքացիության կապով կապված է թուրքական պետության հետ»։ Թեև «Թուրք» տերմինի օրինական օգտագործումը, որը վերաբերվում է Թուրքիայի քաղաքացուն, տարբերվում է տերմինի էթնիկ բնութագրից[73][74], Թուրքիայի բնակչության մեծ մասը(մոտավորապես 70-75 տոկոս) էթնիկ թուրքեր են[75]։ Թուրքերի ճնշող մեծամասնությունը մուսուլման է[76][77][78][79]
ՄԱԿ-ի անդամ թուրքալեզու պետություններն են՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ղրղզստան։ Թուրքալեզու է նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչված է, ՄԱԿ-ի անդամ պետություններից, միայն Թուրքիայի կողմից։