ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Պաուլ Ցելան (գերմ.՝ Paul Celan [paʊl ˈtselan], (նոյեմբերի 23, 1920[1][2][3][…], Չեռնովցի, Չեռնովցի շրջան, Ռումինիայի թագավորություն - ենթդ․ ապրիլի 20, 1970[4], Փարիզ, Ֆրանսիա[5])։ (Բուն անունը՝ Պաուլ Անցել, որը գրաշրջությամբ (անագրամա) դարձել է Ցելան) 20-րդ դարի գերմանալեզու նշանավոր բանաստեղծներից է, ում ստեղծագործությունը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Սկսելով հիմնականում ֆրանսիական սյուրռեալիզմի ավանդներով՝ Պ. Ցելանը վերջին ժողովածուներում մխրճվում է գերմաներենի հերմենևտիկական նրբությունների մեջ՝ հասնելով բառի էկզիստենցիալիստական արմատներին։ Ավելացրած նրա պոեզիայի գրաֆիկական նրբագիծը, արտակարգ երաժշտականությունը, հրեական և համաշխարհային մշակույթի հետ բազմաթիվ զոգորդությունները, աղերսները և առնչությունները, որոնք այդ բանաստեղծությունը 20-րդ դարի երկրորդ կեսի համաեվրոպական պոեզիայի մեջ եզակի, գրեթե անձեռակերտ մի ձեռագիր են դարձնում։ Մեծ է Ցելանի ավանդը նաև թարգմանության ասպարեզում։
Պաուլ Ցելան Paul Celan | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Paul Antschel |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Չեռնովցի, Չեռնովցի շրջան, Ռումինիայի թագավորություն |
Վախճանվել է | ենթդ․ ապրիլի 20, 1970[4] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Cimetière parisien de Thiais |
Մասնագիտություն | բանաստեղծ, երգերի հեղինակ, ակնարկագիր և թարգմանիչ |
Լեզու | ֆրանսերեն և գերմաներեն |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ռումինիա |
Կրթություն | Չեռնովցիի համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Death Fugue? և Language Mesh? |
Պարգևներ | |
Ամուսին | Ժիզել Լեստրանժ |
Համատեղ ապրող | Ինգեբորգ Բախման[6] |
Ազգականներ | Selma Meerbaum-Eisinger? |
Կայք | celan-projekt.de |
Paul Celan Վիքիպահեստում |
Պաուլ Ցելանը ծնվել է Ռումինիայում, Բուկովինայի կենտրոն Չերնովիցում, գերմանախոս հրեական ընտանիքում։
Սկզբում այցելել է գերմանական, իսկ այնուհետև եբրայական դպրոց։ Հինգ տարի սովորել է ռումինական, իսկ ապա ուկրաինական գիմազիաներում։ 1938 թ.-ին սկսել է բժշկություն սովորել Տուրսում, սակայն մի տարի անց վերադարձել է Ռումինիա՝ ռոմանիստիկա ուսանելու համար։ 1940 թ.-ին Բուկովինան և նրա հետ միասին նաև Ցելանի հայրենի քաղաքը՝ Չերնովիցը, անցնում են ՍՍՀՄ տիրապետության տակ։ 1941 թ.-ին, երբ ռումինական և գերմանական զորքերը գրավում են Չերնովիցը, նաև այնտեղ սկսվում է հրեաներին գետտո տեղափոխելու պրոցեսը։ Ցելանի ծնողները տեղահանվել են 1942 թ.-ին։ Հայրը մահացել է ճամբարում՝ տիֆից, իսկ մորը գնդակահարել են։ Ծնողների մահը խոր հետք է թողել Ցելանի հոգեաշխարհի վրա։ Նա ողջ կյանքում տառապել է այն մտքից, որ ծնողներին թողել է բախտի քմահաճույքին։
1942-1943 թթ. Ցելանը անցկացրել է ռումինական տարբեր աշխատանքային ճամբարներում, ծանր աշխատանքներ է կատարել մոլդավական ճանապարհաշինարարական խմբերում։ Սովետական զորքերի կողմից Չերնովիցի ազատագրումից հետո Ցելանը 1944 թ.-ին վերադարձել է այնտեղ։ Շարունակել է ուսումը, աշխատել է իբրև թարգմանիչ։ 1947 թ.-ին Հունգարիայով փախել է Վիեննա և 1948 թ.-ին հաստատվել Փարիզում։ Նույն թվականին Վիեննայում լույս է տեսել Աճյունասափորների ավազը բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը ուշադրության չի արժանացել։
1948 թ.-ին Ցելանը հանդիպում է Ինգեբորգ Բախմանին. նրանց սիրո պատմությունը վկայված է հետմահու հրատարակված օրագրերով և նամակագրությամբ (վերջինս հրատարակվեց 2008 թ.-ին, Սրտի ժամանակ վերնագրով)։
Փարիզում Ցելանը 1951 թ.-ին ծանոթանում է արվեստագիտուհի Գիզելե Լեստրանժի հետ, որի հետ ամուսնանում է։ 1952 թ.-ին Շտուտգարտում լույս է տեսնում երկրորդ ժողովածուն՝ Կակաչ և հիշողություն վերնագրով, որտեղ զետեղված էր միանգամից հռչակավոր դարձած Մահվան Ֆուգա բանաստեղծությունը։ 1955 թ.-ին ֆրանսիական հպատակություն է ընդունում։ Ծնվում է միակ որդին։
1960 թ.-ին հրեա բանաստեղծ Իվ Գոլլի այրին՝ Կլարա Գոլլը, նրան անհիմն մեղադրում է ամուսնու բանաստեղծությունների գրագողության մեջ։ Այն շարունակվում է մինչև բանաստեղծի կյանքի վերջը՝ հոգեկան մեծ ընկճվածության մեջ գցելով բանաստեղծին։
Ցելանը բազմիցս հայտնվում է հոգեբուժական կլինիկաներում։ Դեպրեսիվ վիճակներից մեկի ժամանակ փորձում է դանակահարել կնոջը։ 1967 թ.-ին նրանք որոշում են առանձին ապրել։ Գերմանիայում արժանանում է ամենահեղինակավոր գրական պարգևներին։
Կյանքի վերջին շրջանում հրատարակած ժողովածուները ավելի ու ավելի են քաշվում լեզվական-հերմենևտիկական խորությունների մեջ։ Բանաստեղծը ասես հետևում է իր մեծ ժամանակակցի՝ Մարտին Հայդեգերի «die Sprache spricht» - «լեզուն խոսում է» սկզբունքին, ինչը թե' անասելին ասացման դաշտ բերելու նորանոր հնարավորություններ է տալիս և թե' ապահովում է նրա բանաստեղծման կարևորագույն մի սկզբունքը՝ «բանաստեղծությամբ հայտնաբերել այն վայրը, որտեղ ինչ-որ մեկը ազատվում է իրենից` իր՝ իբրև-ինքն-իրեն-օտարի զգացողությամբ»։
1969 թ.-ին, մահից մի քանի ամիս առաջ, առաջին և վերջին անգամ մեկնում է Երուսաղեմ։ Շփվում է հրեա բանաստեղծների հետ։ Ամբողջ կյանքի ընթացքում ջերմ հարաբերություններ է պահպանում բանաստեղծուհի Նելլի Զախսի հետ։
Ցելանի մահվան հանգամանքները մինչև օրս քննարկումների առարկա են։ Հավանաբար 1970 թ.-ի ապրիլի 20-ին նա Փարիզում, Միրաբոյի կամրջից նետվում է Սենան։ Այսօր բանաստեղծի ժառանգությունը քննարկումների և մեկնաբանությունների կենտրոնում է։
«Ես տարբերություն չեմ տեսնում սեղմված բռունցքի և բանաստեղծության միջև» - այս սկզբունքը, չնայած ցելանյան բանաստեղծության հերմետիկ բնույթին, դրան միաժամանակ խորունկ ապրումայնություն է հաղորդում՝ մեջտեղ հանելով բանաստեղծման մյուս սկզբունքը, որը գոյաբանական ընդգրկման է. «Բանաստեղծությունը - զուտ մահկանացուության և մեռած տառի փոխակերպումն է անսահմանության»։ Հայդեգերյան «գոյության տան» իր անկյունում այն լուսավորում է հիշողությունն ու ցավը, վախն ու հուսացումը, սերն ու տագնապը։ Այդ լուսավորման ներքո, ինչպես նա ինքն է գրում իր մի բանաստեղծության մեջ, «Ամեն ինչ ավելի քիչ է, / քան կա, / ամեն ինչ ավելին է»։ «Բանաստեղծությունը - ժամանակակից բանաստեղծությունը - անկասկած ավելի ու ավելի է ձգտում համրության, և դա, ինձ թվում է, միայն անուղղակիորեն է կապված բառապաշարի ընտրության դժվարություններին, շարահյուսության կտրուկ անկումներին և էլլիպսիզմների հակմանը։ Բանաստեղծությունը...հաստատվում է ինքն իր եզրին, եզրին կանգնելու համար այն իրեն իր Արդեն-Ոչ-ից անդադար հետ է կանչում և մղում է իր Դեռ-Եվս-ի մեջ։ ... Դա ակտուալիզացված լեզու է, որը ազատված է ինչ-որ արմատական անհատականացման նշանով և ըստ այդմ հիշողության մեջ պահել է լեզվով հատկացված սահմանները և նրանով ներկայացված հնարավորությունները»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.