Պարբերական աղյուսակ
From Wikipedia, the free encyclopedia
Պարբերական աղյուսակ, հայտնի է նաև որպես քիմիական տարրերի պարբերական աղյուսակ, քիմիական տարրերի աղյուսակային արտապատկերը, որտեղ դրանք դասավորված են ըստ ատոմական համարների, էլեկտրոնային կոնֆիգուրացիայի և կրկնվող քիմիական հատկությունների։ Աղյուսակի կառուցվածքը հիմնված է պարբերական օրենքի վրա։ Աղյուսակի յոթ տողերը, որոնց անվանում են պարբերություններ, սովորաբար ձախից պարունակում են մետաղներ, աջից՝ ոչ մետաղներ։ Խմբեր կոչվող սյուները պարունակում են իրար նման քիմիական վարքագիծ ունեցող տարրեր։ Վեց խմբերն ունեն իրենց անուններն ու համարները, օրինակ՝ 17 խմբի տարրերը հալոգեններն են, իսկ 18-ը՝ ազնիվ գազերը։ Երևում են նաև չորս պարզ ուղղանկյուն տարածքներ, որտեղ նշված է ատոմային օրբիտալների լրացման կարգը։
Պարբերական աղյուսակի օգնությամբ կարելի է գտնել տարբեր տարրերի հատկությունների փոխադարձ կապը, ինչպես նաև կանխորոշել դեռևս չհայտնաբերված, կամ սինթեզվող տարրերի քիմիական հատկությունները և վարքագիծը։ Ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը 1869 թվականին հրապարակեց առաջին ճանաչված պարբերական աղյուսակը, որը մշակվել էր գլխավորապես այն ժամանակ արդեն հայտնի տարրերի պարբերականությունը ցույց տալու համար։ Նա կանխագուշակեց նաև մի քանի չհայտնաբերված տարրերի որոշ հատկություններ, որոնք պետք է լրացնեին աղյուսակի դատարկ վանդակները։ Նրա կանխագուշակումների մեծ մասը ճիշտ դուրս եկան։ Նոր տարրերի հայտնագործմանն ու սինթեզին զուգընթաց Մենդելեևի գաղափարը աստիճանաբար ընդլայնվեց և դարձավ լիակատար։ Ժամանակակից պարբերական աղյուսակը ներկայումս ապահովում է քիմիական ռեակցիաների անալիզի համար անհրաժեշտ օգտակար հիմքը և շարունակվում է լայնորեն օգտագործվել քիմիայում, միջուկային ֆիզիկայում և ուրիշ այլ գիտություններում։
Մեկից մինչև 118 կարգաթվերով ատոմները հայտնագործվել կամ սինթեզվել են՝ պարբերական աղյուսակում լրացնելով յոթ ամբողջությամբ լրացված շարքեր[1][2]։ Առաջին 94 տարրերը հանդիպում են բնության մեջ, չնայած մի քանիսը հանդիպում են միայն աննշան քանակներով, իսկ որոշներն էլ բնության մեջ հայտնագործվել են միայն սինթեզելուց հետո[Ն 1]: 95-ից մինչև 118 կարգաթիվն ունեցող տարրերը սինթեզվել են միայն լաբորատորիաներում և միջուկային ռեակտորներում[3]։ Ներկայումս փորձեր են արվում ավելի մեծ ատոմային զանգված ունեցող տարրեր սինթեզելու ուղղությամբ։ Այդ տարրերով սկսվում է աղյուսակի ութերորդ շարքը։ Սկզբում արվում է տեսական աշխատանք, որպեսզի առաջարկվի հնարավոր թեկնածուն նոր սինթեզի համար։ Բնական տարրերի բազմաթիվ սինթետիկ ռադիոնուկլիդներ ևս արտադրվում են լաբորատորիաներում։