![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/Pompeya_er%25C3%25B3tica6.jpg/640px-Pompeya_er%25C3%25B3tica6.jpg&w=640&q=50)
Պրիապիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Պրիապիզմը վիճակ, որի ժամանակ առնանդամը ժամերով գտնվում է էրեկցված վիճակում՝ առանց խթանման կամ խթանումից հետո[1]։ Կա երեք տեսակ՝ իշեմիկ, ոչ իշեմիկ և կրկնվող իշեմիկ[1]։ Դեպքերի մեծ մասը իշեմիկ են[1]։ Իշեմիկ պրիապիզմի ժամանակ առնանդամի մեծ մասը պինդ է, իսկ առնանդամի գլխիկը ոչ[1]։ Ոչ իշեմիկ պրիապիզմի ժամանակ առնանդամը մասամբ է պնդացած[1]։ Շատ հազվադեպ կանանց մոտ կարող է լինել կլիտերային պրիապիզմ[2]։
Մանգաղաձև–բջջային անեմիան իշեմիկ պրիապիզմի ամենահաճախ հանդիպող պատճառն է[1]։ Այլ պատճառների մեջ են մտնում այնպիսի դեղորայքներ, ինչպիսիք են հոգեմետ դեղերը, սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչները, հակամակարդիչները, ինչպես նաև կոկաինը և կանեփը[1]։ Իշեմիկ պրիապիզմը առաջանում է, երբ արյունը լիարժեք չի հեռանում առնանդամից[1]։ Ոչ իշեմիկ պրիապիզմը առաջանում է երբ զերկերակների և սպունգանման մարմնի միջև կապ է առաջանում, կամ պարասիմպաթիկ նյարդային համակարգի խանգարման հետևանքով, որը բերում է զարկերակային արյունամատակարարման ուժեղացման[1]։ Ոչ իշեմիկ պրիապիզմը կարող է առաջանալ սեռական օրգանի կամ ողնուղեղի վնասման հետևանքով[1]։ Ախտորոշումը կարող է հաստատվել սեռական օրգանից վերցված արյան գազերի հետազոտության կամ գերձայնային հետազոտության միջոցով[1]։
Բուժումը կախված է տեսակից[1]։ Իշեմիկ պրիապիզմը սովորաբար բուժում են սեռական օրգանի նյարդային բլոկադայով, սպունգանման մարմնից արյան ասպիրացիայի հետ միասին[1]։ Եթե սա բավարար չէ, ապա սպունգանման մարմինը կարող է լցվել սառը ֆիզլուծույթով կամ նրա մեջ կարելի է ներարկել ֆենիլեֆրին[1]։ Ոչ իշեմիկ պրիապիզմը հաճախ բուժվում է սառը թրջոցներով[1]։ Եթե մյուս միջոցները անարդյունք են՝ կարելի է կատարել վիրահատություն[1]։ Իշեմիկ պրիապիզմի ժամանակ առնանդամի մշտական սպիացման վտանգը սկսում է ավելանալ 4 ժամ անց, իսկ 48 ժամ անց արդեն առաջացած է լինում[1]։ Պրիապիզմը տարեկան հանդիպում է 100 000-ից 1-5-ի մոտ։