From Wikipedia, the free encyclopedia
Ջիրոլամո Սավոնարոլա (Իտալերեն: [dʒiˈrɔːlamo savonaˈrɔːla], սեպտեմբերի 21, 1452[1][2], Ֆեռարա, Duchy of Ferrara[3][4] - մայիսի 23, 1498[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4]), Վերածննդի դարաշրջանի Ֆլորենցիաում գործած դոմինիկյան կրոնավոր, քարոզիչ, հասարակության բարեփոխիչ։
Ջիրոլամո Սավոնարոլա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1452[1][2] |
Ծննդավայր | Ֆեռարա, Duchy of Ferrara[3][4] |
Մահացել է | մայիսի 23, 1498[1][2] (45 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4] |
Քաղաքացիություն | Duchy of Ferrara և Ֆլորենցիայի Հանրապետություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Ֆերարայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա, կրոնավոր, գրող, քարոզիչ և աստվածաբան |
Աշխատավայր | Ֆերարայի համալսարան |
Ստորագրություն | |
Girolamo Savonarola Վիքիպահեստում |
Սավոնարոլան ծագումով Պադուայի մի հին տոհմից էր։ Ծնվել է 1452 թվականին, Պադուային մերձակա Ֆեռարա քաղաքում։ Պատանեկան հասակում փախել է տանից, 1475 թվականին ընդունվել է Բոլոնյայի դոմինիկյան վանք, երեք տարի անց ձեռնադրվել։ 1482 թվականին ծառայության է անցել Ֆլորենցիայի Սուրբ Մարկոս վանքում։ 1487–1488 թվականներին դասախոսել է Բոլոնյայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, այնուհետև երկու տարի քարոզչությամբ զբաղվել Լոմբարդիայի քաղաքներում՝ մարգարեանալով արատների մեջ ընկղմված եկեղեցուն սպասվող պատժի և ապագա նորացման մասին։ 1490 թվականին Լորենցո Մեդիչիի խնդրանքով վերադարձել է Ֆլորենցիա և հաջորդած տարվանից դարձել Սուրբ Մարկոս վանքի վանահայր։ Խստացրել է վանական կանոնակարգը, հաստատակամորեն պայքարել, առաջին հերթին, ընչաքաղցության դեմ։ Կարգադրել է, որ վաճառեն վանքապատկան ագարակները, արգելել է ճոխության, շքեղության ցանկացած դրսևորում վանականների հագուկապում, սննդի և ընդհանրապես կենցաղավարության մեջ, վանականներին պարտադրել է սեփական ուժերով, արդար տքնանքով վաստակել ապրուստի միջոցներ և այդ նպատակով բացել է նկարչության, քանդակագործության, մանրանկարչության, ճարտարապետության, գրչության դպրոցներ։
Սավոնարոլան քաջալերել է գիտական աշխատանքները, հատկապես՝ փիլիսոփայության և աստվածաբանության բնագավառներում ուսումնասիրությունների ծավալումը։ Սուրբ գիրքն ավելի լավ ըմբռնելու և հեթանոսների շրջանում քրիստոնեությունը լավագույնս քարոզելու նպատակով ձեռնամուխ է եղել հին հունարենի, հին եբրայերենի ու մի շարք արևելյան լեզուների դասավանդման գործի կազմակերպմանը։ Նրան բարձր են գնահատել Պիկո դելլա Միրանդոլլան, Անջելո Պոլիցիանոն, Սանդրո Բոտիչելլին, Միքելանջելոն և իր ժամանակի այլ անվանի արվեստագետներ, մտավորականներ։
Հասարակության վերին խավերում փթթող արատավոր սովորույթների, զեխության, անառակության անողոք ձաղկումը ի վերջո հանգեցրել է Մեդիչիների հետ Սավոնարոլայի սուր բախմանը։ Ֆլորենցիայի սինյորները նրան 1493 թվականին վտարել են Բոլոնյա։ 1494 թվականին, երբ Ֆրանսիայի արքա Կառլոս Ութերորդը զինական մեծ ուժով ներխուժել է Իտալիա, և նրա զորքերը մոտեցել են Ֆլորենցիային, Սավոնարոլան կապ է հաստատել ֆրանսիական միապետի հետ, և քաղաքից քշել են սինյորին՝ Պյերո Մեդիչիին։ 1494–1495 թվականներին իր քարոզներում Սավոնարոլան առաջ է քաշել ու ջերմեռանդորեն պաշտպանել հանրապետության վերականգնման գաղափարը։ Պյերո Մեդիչիին Ֆլորենցիայից վտարելուց հետո նրա առաջարկությամբ քաղաքում որպես բարձրագույն ղեկավար մարմին հիմնվել է Մեծ խորհուրդ, կազմավորվել է նաև Ութսունի խորհուրդ՝ որպես սինյորիային առընթեր խորհրդակցական մարմին, իրականացվել է հարկային բարեփոխում։ Դրա հետ մեկտեղ արգելվել են քաղաքային բնակչության ժողովները, որոնք, Սավոնարոլայի համոզմամբ, կարող էին դեմագոգների ու բռնապետերի ձեռքին հարմար գործիք դառնալ իշխանությունը զավթելու համար։
1496 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնվել է գրավատուն՝ ցածր տոկոսադրույքներով փոխատվական բանկ, և Ֆլորենցիայից վտարվել են վաշխառուները։ Բացի այդ, Սուրբ Մարկոս վանքի գրադարանը, նոր ձեռագրեր ձեռք բերելու, նորանոր գրքերով հետևողականորեն հարստանալու հետ մեկտեղ, բացել է իր դռները բոլոր ցանկացողների առջև՝ դառնալով հանրային մատչելիության տեսակետից առաջին գրադարանը Եվրոպայում։ Սավոնարոլայի հիանալի նախաձեռնություններից էր նաև մոլեխաղերի արգելումը Ֆլորենցիայում։ Սակայն այն էլ պետք է ասել, որ նա, ծայրահեղության մեջ ընկնելով, արգելել է նաև դիմակահանդեսներն ու կառնավալները և ընդհանրապես արվեստներում աշխարհիկ մտածելակերպի ու վարվելակերպի ցանկացած դրսևորում, իրեն պաշտող երիտասարդ հետևորդների ջոկատների միջոցով կազմակերպել է աշխարհիկ բովանդակությամբ գրքերի, կերպարվեստի ստեղծագործությունների հրկիզումներ։ Սավոնարոլան հավատացնում էր ֆլորենտացիներին, որ իրենց քաղաքը դառնալու է մի Նոր Երուսաղեմ՝ քրիստոնեության համաշխարհային կենտրոն, «առավել հարուստ, հզոր ու փառավոր, քան երբևէ»[5]։
Կրոնական գործչի ձեռնարկած վերափոխումներն առաջ են բերել ինչպես Մեդիչիների, այնպես էլ ընդհանրապես արիստոկրատական կառավարման բոլոր կողմնակիցների խորին դժգոհությունը։ Իսկ այն բանից հետո, երբ Սավոնարոլայի պնդմամբ Ֆլորենցիան հրաժարվել է միանալ Հռոմի պապ Ալեքսանդր Վեցերորդի նախաձեռնած հակաֆրանսիական սրբազան լիգային, ապա նաև Սավոնարոլան մերժել է պապի պահանջը՝ ներկայանալ Վատիկան և բացատրություն ներկայացնել իր վարվելակերպի վերաբերյալ, Հռոմի պապը 1497 թվականի մայիսին նրան վտարել է եկեղեցուց։ Սավոնարոլան ավելի մեծ եռանդով է շարունակել քարոզչությունը Հռոմի պապերի վարած քաղաքականության ու արատավոր կենցաղավարության, հոգևոր կոռուպցիայի, բռնապետական կարգերի, աղքատների շահագործման ու այլ անարդարությունների դեմ և հանուն բարեփոխումների։ Տեղի տալով պապի սպառնալիքների առջև՝ Ֆլորենցիայի սինյորիան Սավոնարոլային արգելել է զբաղվել քարոզչությամբ։ Դրան հաջորդել են հակառակորդների սադրիչ գործողությունները, ընդհուպ՝ մրցակիցներից մեկի առաջարկով հանրության աչքի առաջ կրակով փորձությունը, որը Սավոնարոլայի համար անհաջող ավարտ է ունեցել։ Կատաղած ամբոխը պաշարել ու գրավել է Սուրբ Մարկոս վանքը։ Սավոնարոլան իր համախոհ երկու վանականների հետ մեկտեղ կալանքի է վերցվել, կտտանքների ենթարկվել, կախաղան բարձրացվել, այնուհետև՝ հրկիզվել խարույկում՝ որպես հերետիկոս։ Հետագայում նրա գաղափարական պայքարը հանուն հանրապետության, հանուն ազատությունների և կրոնական բարեփոխումների շարունակել են Պիանոնիները, սակայն 1512 թվականին իշխանության վերադարձած Մեդիչիները պապի օժանդակությամբ կարողացել են ի վերջո կոտրել ըմբոստ շարժումը։
Բողոքականները Սավոնարոլային համարում են Ռեֆորմացիայի նախակարապետը. ռեֆորմիստներն օգտագործել են նրա քարոզները իրենց պայքարի ընթացքում։
Սավոնարոլան հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ և աստվածաբանական, կրոնական, փիլիսոփայական, քաղաքական բովանդակությամբ մի շարք աշխատություններ, այդ թվում՝ «Աշխարհիկ կյանքը քամահրելու մասին» («De contemptu mundi»), «Խաչի հաղթահանդեսը» («Triumphus Crucis»), «Իմ ուղու սփոփանքը» («Solatium itineris mei»), «Տրակտատ աստղաբաշխների դեմ» («Trattato contro gli astrologi»), «Տրակտատ Ֆլորենցիայի պետական կարգի մասին» («Trattato circa el reggimento e governo della cittа̀ di Firenze»), «Մարգարեական ճշմարտության մասին» («De veritate prophetica») և այլ երկեր։
Ըմբոստ հոգևորականի, մարդասեր մտածողի ու քաղաքական գործչի կյանքն ու գործը մեծ հետաքրքրություն են առաջ բերել բազմաթիվ արվեստագետների շրջանում. նրա կերպարը կերտվել է օպերայում, գեղարվեստական գրականության ու կինոերկերում, կերպարվեստի ստեղծագործություններում։ Ապրելով ընդամենը չորսուկես տասնամյակ՝ Սավոնարոլան կարողացել է անջնջելի հետք թողնել Իտալիայի և ընդհանրապես ողջ մարդկության պատմության մեջ. նա դարձել է արդարության համար պայքարի, անկոտրում ոգու խորհրդանիշ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.