Ռազմական տերմինաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական տերմինաբանությունը (անգլ.՝ Military terminology, ռուս.՝ Военная терминология) հաստատված այնպիսի ռազմական տերմինների (բառերի, բառակապակցությունների և այլնի) ձևայնացված, նույնիսկ՝ պաշտոնականացված համակարգ է, որոնցից յուրաքանչյուրն ունի խիստ որոշակի նշանակություն՝ կիրառման հստակ գծագրված սահմաններով և գիտական հիմնավորմամբ[1][2]։
Ռազմական տերմինաբանությունը, մասնավորապես՝ ռազմական տերմինները և ռազմական կազմակերպությունների և ռազմական անձնակազմի լեզուն կիրառվում է որպես հստակ և յուրահատուկ կատեգորիայի լեզու։
Ռազմական տերմինաբանությունն առավել լիակատար և լայնորեն ներկայացված է գերատեսչական և ենթագերատեսչական փաստաթղթերում, օրենսդրական ակտերում, ինչպես նաև ռազմական հանրագիտարաններում[1][2]։
Ռազմական տերմինաբանության տարրերը իրենցից ներկայացնում են ռազմական լեքսիկայի հիմքը, որն, ի տարբերություն պաշտոնական ռազմական տերմինաբանության, կարող է ներառել նաև վերջինիս ոչ պաշտոնական տարրերը (օրինակ՝ տարբեր աստիճանների ռազմական պաշտոնյաները և զինված ուժերի անձնակազմը կարող են կիրառել «զրահ» բառը «տանկ», «ԶՓ», «ՀՄՄ» բառերի փոխարեն, կամ «ինքնագնաց» բառը՝ «ինքնագնաց հրանոթ» բառի փոխարեն և այլն)[1]։
Որպես կանոն, ընդգրկելով ռազմական գործի բոլոր ճյուղերը, ռազմական տերմինաբանությունը ձգտում է համապատասխանել գիտական մտքի զարգացման ժամանակակից մակարդակին և արտացոլել ռազմական գործող կանոնագրքերում և պաշտոնական փաստաթղթերում ամրագրված ռազմական հասկացությունների ամբողջ բազմազանությունը[1][2]։
Ռազմական գործի բնաշրջումը կամ ռազմական գործի էվոլյուցիան, որը սերտորեն կապված է գիտատեխնիկական առաջընթացի նվաճումներին, ռազմական տերմինաբանության մեջ մշտապես ներմուծում է նորանոր տերմիններ, նրանից դուրս է մղում արդեն իսկ հնացածները, և կամ էլ ժամանակի պահանջներին է համապատասխանեցնում գոյություն ունեցող ռազմական տերմինների կիրառման հաճախականությունը[1][2]։
Տվյալ լեզվի ռազմական տերմինաբանությունը հաճախ համալրվում է նաև ի հաշիվ ա. նույն այդ լեզվով խոսողների առօրյա բառապաշարի, բ. գիտելիքների այլ ոլորտներից փոխառությունների և գ. այլ լեզուներում ստեղծված տերմինների[1][2]։ Բացի այդ, ռազմական տերմինաբանությունը կարող է կարգավորվել նոր հասկացությունների ներմուծման և կամ հնացածների հեռացման օրենսդրական եղանակով[2]։
Արդի պայմաններում շատ մեծ ուշադրություն է դարձվում թե՛ առանձին երկրների բանակների մասշտաբներով ռազմական տերմինաբանության, թե՛ վերազգային կազմակերպությունների (ռազմաքաղաքական դաշինքների) զինված ուժերի մակարդակով ռազմական տերմինաբանության միասնականացմանը՝ ունիֆիկացիային[1][2]։ Այդ նպատակով շատ երկրների ռազմական նախարարությունները և այլ ուժային գերատեսչությունները պարբերաբար հրատարակում են տեղեկագրքային բնույթի հատուկ ռազմական գրականություն[1][2]։