Ռեմբրանդ վան Ռեյն
From Wikipedia, the free encyclopedia
Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյն (հոլ.՝ Rembrandt Harmenszoon van Rijn(/ˈrɛmbrænt, -brɑːnt/;[13] Նիդերլանդերեն: [ˈrɛmbrɑnt ˈɦɑrmə(n)soːn vɑn ˈrɛin] ( լսել), հուլիսի 15, 1606(1606-07-15)[1][2][3][…], Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5][6][…] - հոկտեմբերի 4, 1669(1669-10-04)[1][7][3][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[6][8][9]), հոլանդացի գեղանկարիչ, օֆորտանկարիչ, համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ[14][15]։ Բազմաժանր նկարիչ է․ ներկայացրել է մարդկանց զգացմունքները, վերապրումներն ու հոգեկան աշխարհը[16][17]։ Առավելապես ստեղծել է դիմանկարներ, աստվածաշնչային և դիցաբանական թեմաներով պատկերներ, որոնք նրա վրձնի զորությամբ դարձել են մարդկային զգացումներն ու հարաբերությունները հոգեբանորեն բացահայտող պատումներ։ Որպես գրաֆիկ՝ անխոնջ ու արտասովոր գծանկարիչ և օֆորտի չգերազանցված վարպետ է։ Ռեմբրանդի օֆորտի տեխնիկային հաճախ զուգորդել է «չոր ասեղը» և տպագրական հնարների շնորհիվ նա հասել է գեղանկարչական էֆեկտների[18]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռեմբրանդ (այլ կիրառումներ)
Ռեմբրանդի ստեղծագործական շրջանը համընկել է Հոլանդական ոսկե դարին՝ երկրի հսկայական հարստության և մշակութային ձեռքբերումների շրջանին։ Այդ ժամանակ հոլանդական արվեստը՝ հատկապես գեղանկարչությունը, իր ծաղկունքն է ապրել, թեև շատ բաներով հակադրվել է այդ ժամանակ Եվրոպայում առաջատար դիրքեր գրաված բարոկկո ոճին, շատ արգասաբեր է եղել և ծնել է շատ կարևոր նոր ժանրեր։ Ինչպես ոսկե դարի շատ նկարիչներ՝ Ռեմբրանդը նույնպես եղել է արվեստի գործերի կրքոտ հավաքորդ։
Ռեմբրանդը երբեք երկրից դուրս չի եկել, բայց նրա արվեստի վրա մեծ ազդեցություն են թողել իտալական վարպետների, Իտալիայում սովորած հոլանդացի նկարիչների (Պիտեր Լաստման), Ուտրեխտի կարավաջիստների և ֆլամանդացի բարոկկոյի վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի ստեղծագործությունները։ Երիտասարդ տարիներին հասել է մեծ հաջողությունների, բայց հետագա տարիներին ունեցել է անձնական և ֆինանսական կորուստներ։ Այնուամենայնիվ նրա փորագրանկարներն ու երփնագրերը մեծ ժողովրդականություն են վայելել նրա ողջ կյանքի ընթացքում, իսկ ինքը որպես նկարիչ մեծ հեղինակություն է վայելել[19]։ Քսան և ավելի տարիներ Ռեմբրանդն ապագայի խոշոր նկարիչներից շատերին սովորեցրել է իր հմտությունները[20]։
Ռեմբրանդի ժամանակակիցների դիմանակարները, ինքնադիմանկարները և Աստվածաշնչի նկարազարդումները համարվում են ստեղծագործական մեծագույն հաղթանակ։ Նրա ինքնադիմանկարների շարքը ձևավորում է նրա եզակի, անձնական կյանքի պատկերը, որտեղ նկարիչը իրեն պատկերել է բացառապես անկեղծ, առանց ավելորդ ինքնահավանության[21]։ Ռեմբրանդի մեծագույն ներդրումը փորագրանկարչության մեջ եղել է նրա Ժակ Կալոյի հետ մեկտեղ օգտագործած խածագծման համեմատաբար նոր տեխնիկան իսկակական արվեստի ձևի վերածելը։ Ռեմբրանդի հեղինակությունն այդ ասպարեզում ընդունվել է իր կենդանության օրոք և և երբեք կասկածի տակ չի դրվել։ Նրա փորագրանկարներն իր կենդանության օրոք Հոլանդիայի հանրապետությունից դուրս չեն տարվել, բայց վերատպությունները տարածվել են ողջ Եվրոպայով և նրա՝ օֆորտիստի հեղինակությունը՝ ստեղծագործական գործունեության սկզբնական շրջանում, տարածվել է դրանց շնորհիվ։
Իր աշխատանքներում Ռեմբրանդը ցուցադրել է դասական սրբանկարչության իր գիտելիքները։ Ռեմբրանդն Աստվածաշյան տեսարանները պատկերել է՝ հիմնվելով սուրբ գրքի տեքստի իմացության, դասական կոմպոզիցիայի յուրացման և Ամստերդամի հրեական բնակչությանն ուսումնասիրելով[22]։ Մարդկանց հոգեվիճակը հասկանալու և պատկերելու համար նրան կոչել են «քաղաքակրթության մեծագույն մարգարեներից մեկը»[23]։ Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը ասել է․ «Համեմատել ինձ Ռեմբրանդի հե՞տ; Ինչպիսի՛ սրբապղծություն։ Ռեմբրանդի՝ արվեստի սյան հե՞տ։ Մենք պետք է խոնարհվենք Ռեմբրանդի առջև և երբեք ոչ ոքի չհամեմատենք նրա հետ»[24]։ Ուշ շրջանի խոշորագույն վարպետ Ֆրանցիսկո Գոյան ասել է․«Ես երեք վարպետ եմ ունեցել՝ Բնությունը, Վելասկեսը և Ռեմբրանդը»[25]։ Վինսենթ վան Գոգը գրել է․ «Ռեմբրանդը այնքան խորը ընկղմված է խորհրդավորության մեջ, ասում է այնպիսի բաներ, որոնց համար բառեր չկան և ոչ մի լեզվով։ Ճիշտ է, որ նրանք Ռեմբրանդին կոչում են հրաշագործ․ սա հեշտ գործ չէ»[26]։ Իմպրեսիոնիստ Մաքս Լիբերմանը ասել է․ «Ամեն անգամ, երբ ես տեսնում եմ Հալսի նկարները, ուզում եմ նկարել, երբ տեսնում եմ Ռեմբրանդի նկարները, ուզում եմ հանձնվել[27]։