Սիլուրի ժամանակաշրջան
From Wikipedia, the free encyclopedia
Սիլուրի ժամանակաշրջան (սիլուր), երկրաբանական ժամանակաշրջան, պալեոզոյան դարաշրջանի երրորդ ժամանակաշրջանը։ Հաջորդել է օրդովիկին և նախորդել դևոնի ժամանակաշրջանին։ Սկսվել է 443,8 ± 1,5 մլն տարի առաջ և ավարտվել 419,2 ± 3,2 մլն տարի առաջ[1]՝ տևելով շուրջ 25 մլն տարի։ Պալեոզոյի ամենակարճ ժամանակաշրջանն է։ Սահմանել է անգլիացի երկրաբան Ռոդերիկ Մուրչիսոնը 1835 թվականին Մեծ Բրիտանիայում (տիպային տարածքը՝ Ուելսի սահմանային մարզ)։ Հետագայում ստորին մասն առանձնացվել է որպես ինքնուրույն՝ օրդովիկի ժամանակաշրջան։ «Սիլուր» անվանումը պահպանվել է միայն վերին մասի համար և այդ ծավալով էլ հաստատվել Երկրաբանական միջազգային կոնգրեսի XXI նստաշրջանում (Կոպենհագեն, 1960)։ Սիլուրի ժամանակաշրջանը ստորաբաժանվում է երկու մասի` ստորին, որն ընդգրկում է լլանդովերի և ուենլոկի, և վերին, որն ընդգրկում է լուդլովի և պրժիդոլի (դաունտոնի) հարկերը։
Այդ ժամանակաշրջանին վերաբերող ապարների համալիրը կոչվում է սիլուրի համակարգ[2]։
Սիլուրի ստորին սահմանը որոշվում է խոշորամասշտաբ բնաջնջմամբ, որի արդյունքում անհետացել է օրդովիկում գոյություն ունեցած ծովային օրգանիզմների տեսակների շուրջ 60 %-ը, և որը կոչվում է օրդովիկ-սիլուրյան բնաջնջում։ Չարլզ Լայելի օրոք (19րդ դարի կեսեր) սիլուրը համարվել է ամենահին երկրաբանական դարաշրջանը[3]։ Կոչվել է հին կելտական ցեղի՝ սիլուրների անունով, որոնք ապրում էին Մեծ Բրիտանիայում՝ Ուելսի սահմանային մարզում[4], և որոնց բնակության վայրերում անցկացվել են տվյալ ժամանակաշրջանի առանձնացմանը նպաստած երկրաբանական ուսումնասիրությունները։