From Wikipedia, the free encyclopedia
Սիրիական սխտորագորտ (Pelobates syriacus), սխտորագորտերի ընտանիքի սխտորագորտերի ցեղի անպոչ երկկենցաղ։
Սիրիական սխտորագորտ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Pelobates syriacus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Տարածված է Սիրիայում, Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Տարածված է Հայաստանի հարավարևելյան շրջաններում։ Շատ հազվադեպ հանդիպում է հանրապետության կենտրոնական և հարավային շրջաններում՝ Ջրվեժ, Առինջ, Ողջաբերդ, Ռինդ գյուղերի շրջակայքում, Սիսիանի տարածաշրջանում[1]։ Արցախում տարածված է անտառային, տափաստանային շրջաններում և լեռնային հարթավայրերում[2], քչաքանակ է։
Բնակվում է կանգուն, հոսող, համեմատաբար խորը ջրավազաններում, նաև ափամերձ վայրերում։ Սեփական բուն չի ունենում և վարում է մթնշաղագիշերային և գիշերային կյանք[2]։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտի կեսերը՝ թաղվելով փխրուն հողի մեջ կամ թաքնվելով քարակույտերում և այլ թաքստոցներում։
Մարմինը լայն է, կլորավուն, երկարությունը՝ 2-7,9 սմ։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր։ Գլուխը խոշոր է, ճակատային մասը՝ առանց արտափքվածության, որով էլ տարբերվում է սովորական սխտորագորտից[3]։ Աչքերը խոշոր են, բիբը՝ ուղղահայաց։ Ականջի թմբկաթաղանթը բացակայում է։ Հետևի վերջավորությունները համեմատաբար կարճ են, միջմատային լողաթաղանթները՝ խորը կտրված։ Աչքի է ընկնում փորելուն հարմարված խոշոր կրնկային թմբիկը։ Մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշ կամ դեղնավուն է, առկա է բազմաթիվ մուգ կանաչավուն, տձև սալերից բաղկացած նախշ։
Զուգավորումը և ձվադրումը տեղի են ունենում մարտի վերջից մայիսի կեսերը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից, ակտիվանում են +13-+14 °C պայմաններում։ Գորտնկիթներն անկանոն դասավորված են մինչև 1 մ երկարությամբ երշիկանման երիզներում, որոնք փաթաթվում են ջրային բույսերին։ Շերեփուկները շատ արագ են աճում և կերպարանափոխությունից առաջ դառնում են մոտ 14,3 սմ, այսինքն՝ մոտ 3 անգամ խոշոր են, քան սեռահասուն գորտերը։ Կերպարանափոխությունը տեղի է ունենում հունիսից սեպտեմբեր, սակայն շերեփուկները կարող են նաև ձմեռել։ Սաղմնային զարգացումը տևում է 5-7 օր՝ +22-+22 °C ջերմաստիճանում, թրթուրների զարգացումը տևում է 65-85 օր։
Օգտակար է, ոչնչացնում է վնասատու միջատներին, մեծ օգուտ է տալիս այգիներին ու բանջարանոցներին։
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում[2], Ղարաբաղի կենդանիների կարմիր գրքում[1]։ Քանակապես կրճատվող տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի և Ադրբեջանի Կարմիր գրքերում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցանկում (3.1) «Least Concern» կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով է խոցելի տեսակ է՝ VU B2ab (ii, iii)։ Գրանցված է Բեռնի կոնվենցիայի II հավելվածում։ Տեսակի տարածման վայրերը չեն պահպանվում։ 1985–1986 թվականներին Ազատի ջրամբարում (Արարատի մարզ) բաց է թողնվել լաբորատոր պայմաններում աճեցված շուրջ 1500 առանձնյակ, որտեղ պոպուլյացիան գտնվում է բարվոք վիճակում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.