Սուրճի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Սուրճի պատմությունն ընդգրկում է մի քանի ժամանակահատված։ Այն սկիզբ է առել հնագույն ժամանակներից և իր արմատներն ունի Մերձավոր Արևելքի առաջին քաղաքակրթություններում՝ չնայած սուրճի ծագումը դեռ մնում է անորոշ։
Ենթադրվում է, որ օրոմո ժողովուրդների նախնիներն առաջինն են նկատել սուրճի կազդուրիչ ազդեցությունը[1]։ Այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ ուղղակի ապացույցներ չկան, չեն պահպանվել նաև ապացույցներ այն մասին, թե որտեղ է սուրճը աճել Աֆրիկայում կամ ով աֆրիկացիների շրջանում կարող էր տեղյակ լինել սուրճի գոյության մասին 17-րդ դարից առաջ[1]։ Ըստ տարածված լեգենդի՝ մոտ 850 թվականին սրճենու յուրահատուկ հատկությունները հայտնաբերել է եթովպացի հովիվ Կալդիմը։ Այս լեգենդի ավելի ուշ առաջացումը (1671 թվական) և Կալդիմի ապացույցների բացակայությունը ստիպում են մի շարք հետազոտողների ենթադրել, որ լեգենդը անվստահելի է[2]։ Եթովպիայից սուրճը տարածվել է Եգիպտոս և Եմեն[3]։ Սուրճ խմելու ամենավաղ ապացույցները թվագրվում են 15-րդ դարի կեսերին Եմենի սուֆիական վանքերում[1]։ Եթովպիայից սուրճ ըմպելիքը տարածվել է ամբողջ Մերձավոր և Միջին Արևելքում։ 19-րդ դարում սուրճը լայնորեն տարածվել էր Իտալիայում, Ինդոնեզիայում և Ամերիկայում[4]։
Ի սկզբանե (մոտ 1200 թվական) սուրճը պատրաստվում էր որպես սուրճի հատիկների չորացրած կեղևից պատրաստված եփուկ։ Այնուհետև գալիս է այդ կեղևը ածուխի վրա տապակելու գաղափարը։ Տապակած կեղևը և փոքր քանակությամբ արծաթափայլ կեղևը լցրել են եռացող ջրի մեջ և եփել կես ժամ[5]։ Ներկայումս կա ավելի քան հարյուր տեսակի սուրճ։ Սուրճի բարձրակարգ տեսակներն առանձնանում են ուժեղ թուրմով և բույրով։ Եվրոպայում այն չափազանց գնահատվում էր մինչև 18-րդ դարը։ Ավելի ուշ սուրճը դասվել է վնասակար ըմպելիքների շարքին, և միայն 20-րդ դարում սուրճը կրկին մասսայական է դարձել[6]։ Ըստ աճման վայրի՝ սուրճը բաժանվում է երեք խմբի՝ ամերիկյան, աֆրիկյան և ասիական[7]։