From Wikipedia, the free encyclopedia
Ստախանովյան շարժում (ռուս.՝ стахановское движение), ԽՍՀՄ-ում «սոցիալիստական արտադրության նորարարների» (այսպես կոչված՝ առաջավոր բանվորներ, կոլտնտեսականներ, ինժեներատեխնիկական աշխատողներ) շարժում, որի նպատակն էր բարձրացնել խորհրդային աշխատավորների արտադրողականությունը և ցույց տալ «սոցիալիստական տնտեսական համակարգի գերազանցությունը»։ Սկսվել է երկրորդ հնգամյակի ժամանակ, 1935 թվականին, որպես սոցմրցության նոր փուլ։ Շարժման ի հայտ գալը բացատրվում էր արագ արդյունաբերականացմամբ և հարկադիր կոլեկտիվացմամբ, որը տեղի էր ունեցել յոթ տարի առաջ[1]։
«Ստախանովյան շարժում» անվանումն առաջացել է դրա սկզբնավորողի՝ Դոնբասի հանքափոր Ալեքսեյ Ստախանովի, անունից, ով 6 ժամից պակաս ժամանակահատվածում հորատել էր 102 տոննա ածուխ (քվոտան գերակատարելով 14 անգամ)։ Ստախանովի ռեկորդը շուտով «գերազանցել են» նրա հետևորդները։ 1936 թվականի փետրվարի 1-ին հաղորդվեց, որ առավելագույն արդյունքի էր հասել Նիկիտա Իզոտովը՝ մեկ հերթափոխում հորատելով 640 տ ածուխ[2]։ Կարճ ժամանակում ընդգրկել է խորհրդային արտադրության բոլոր ճյուղերը, տրանսպորտը, շինարարությունը, գյուղատնտեսությունը և տարածվել ամբողջ Խորհրդային Միությունում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստախանովցիները արտադրողականությունը բարձրացնելու համար դիմում էին տարբեր մեթոդների, ինչպիսիք էին բազմահաստոցային սպասարկման, մասնագիտությունների համատեղման, արտադրության ու շինարարության արագացված տեխնոլոգիայի ստախանովյան մեթոդները։ Ստախանովցիները հետագայում կազմակերպեցին «երկուհարյուրականների» (երկու և ավելի նորմա մեկ հերթափոխում), այնուհետև՝ «հազարականների» (1000 % նորմա) շարժումները, «ճակատային բրիգադների» ստեղծման նախաձեռնությունը[3]։
Շարժմանը դեմ արտահայտող աշխատավորները որակվում էին որպես «վնասարարներ»։ Որոշ խմբեր իրենց աշխատանքային կյանքը բարդացնելու համար մեղադրում էին հենց Ստախանովին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.