Վանդալներ
From Wikipedia, the free encyclopedia
Վանդալներ (լատին․՝ Vandili[1], Wandali[2], Uuandali[3], հուն․՝ Βάνδαλοι), արևելյան գերմանների ցեղախումբ։ Սկզբում բնակվել են Սկանդինավյան թերակղզում։ Մ.թ.ա. 2-րդ-1-ին դարերում վանդալները գաղթել և հաստատվել են Բալթիկ ծովի հարավային, 3-րդ դարում՝ Դանուբ գետի ափերին։ 335-ին վերաբնակվել են Պաննոնիայում։ 5-րդ դարի սկզբին ալանների հետ շարժվել են արևմուտք, մի քանի տարվա ընթացքում ամայացրել Գալլիան և 409-ին հաստատվել Իսպանիայում։ Այնուհետև ետ մղվելով դեպի թերակղզու հարավ՝ Գեյզերիխ թագավորի (428-477) գլխավորությամբ 429-ին անցել են Ջիբրալթարը, տասը տարվա ընթացքում նվաճել (ստրուկների ու կոլոնների օգնությամբ) հռոմեական Աֆրիկա պրովինցիան (439-ին գրավել են Կարթագենը) և հիմնել իրենց թագավորությունը։ Այստեղից նրանք ավերիչ հարձակումներ են գործել Արևմտյան Միջերկրածովյան կղզիների ու ափերի վրա։ 455-ին կողոպտել ու ավերել են Հռոմը։ Հյուսիսային Աֆրիկայի մի մասում վանդալները բռնագրավել են հռոմեական մագնատների հողերը։ Հարստացած ավագանու և շարքային զինվորների միջև առաջացած տարաձայնությունների հետևանքով թուլացած վանդալների թագավորությունը 533-534-ին նվաճվել է Բյուզանդիայի կողմից։ Վանդալները այնուհետև ձուլվել են տեղական բնակչությանը։