Վարֆոլոմեյ Ռաստրելլի
From Wikipedia, the free encyclopedia
Վարֆոլոմեյ Վարֆոլոմեևիչ Ռաստրելլի (1700[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - ապրիլի 29 (մայիսի 10), 1771[5][6], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ճարտարապետ, 18-րդ դարի կեսի ռուս, բարոկկոյի առաջատար ներկայացուցիչը։ Ազգությամբ իտալացի, քանդակագործ Բ․ Կ․ Ռասարելլիի որդին։
Վարֆոլոմեյ Ռաստրելլի իտալ.՝ Bartolomeo Francesco Rastrelli | |
---|---|
Ծնվել է | 1700[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | ապրիլի 29 (մայիսի 10), 1771[5][6] |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Երկեր | Ռունդալի պալատ, Saint Andrew's Church?, Anichkov Palace?, Վորոնցովի պալատ, Ձմեռային պալատ, Smolny Cathedral?, Եկատերինյան պալատ, Stroganov Palace?, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա և Ցարսկոյե Սելո |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Ծնողներ | հայր՝ Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլօ |
Francesco Bartolomeo Rastrelli Վիքիպահեստում |
1716 թվականին փոխադրվել են Պետերբուրգ։ 1725-1730 թվականի միջև սովորել է արտասահմանում։ 1730-1763 թվականներին՝ պալատական ճարտարապետ։ Վարֆոլոմեյ Ռաստրելլու վաղ շրջանի գործերը՝ այսպես կոչված Երրորդ Ձմեռային պալատը Պետերբուրգում (1732-1733), պալատներ Ռունդալեում (1736-1740) և Միտավայում (այժմ՝ Ելգավա, 1738-1740) առնչվում են 18-րդ դարի ռուսական ճարտարապետական ձևերի հետ։ Ստեղծագործական ծաղկուն շրջանում՝ 1740-1750-ական թվականներին, Վարֆոլոմեյ Ռաստրելլին եվրոպական բարոկկոյի ավանդույթները վերաիմաստավորել է ռուսական ազգային գեղարվեստական մշակույթի ազդեցությամբ։ Ստեղծագործական նոր ընկալումները արտահայտվել են արդեն 1740-ական թվականների առաջին խոշոր շինություններում՝ փայտե Ամառային պալատը Պետերբուրգում (1741-1744, չի պահպանվել) և Անդրեևյան եկեղեցին Կիևում (նախագիծը՝ 1747, կառուցվել է 1748-1767, ճարտարապետ Ի․ Ֆ․ Միչուրին)։ 1747-1752 թվականներին Վարֆոլոմեյ Ռաստրելլին իրականացրել է Պետերգոֆի (այժմ՝ Պետրոդվորեց) Մեծ պալատի շինարարությունը։ Պահպանելով Պետրոս I-ի օրոք ստեղծված պալատի հիմնական հորինվածքը՝ Վարֆոլոմեյ Ռաստրելլին ընդարձակել է նրա միջին մասը, կողային ճակատներին կցակառուցել պալատական եկեղեցի և մի մասնաշենք, նորովի ձևավորել բոլոր ինտերիերները։ Վարֆոլոմեյ Ռաստրելլիու կերտած հանդիսավոր ինտերիերներին բնորոշ են վառ բազմազանությունը և հարդարանքի ճոխությունը՝ բազմաթիվ հայելիներ, ոսկեջրած փայտե փորագրազարդումներ, գեղաձև մանրատախտակ և հատակներ, նկարազարդ առաստաղներ ևն։ Մ․ Ի․ Վորոնցովի (1749-1757) և Ս․ Գ․ Ստրոգանովի (1752-1754) պալատների (երկուսն էլ՝ Պետերբուրգում) կառուցման ժամանակաշրջանում ավարտվել է Վարֆոլոմեյ Ռաստրելլիու հասուն ճարտարապետական ոճի կազմավորումը։ Վարֆոլոմեյ Ռաստրելլին վերակառուցել է նաև Մեծ (Եկատերինյան) պալատը (1752-1757) Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ ք․ Պուշկին)։ Վարֆոլոմեյ Ռաստրելլիու նշանավոր գործերից են նաև Սմոլնիի մենաստանն (1748-1754) ու Ձմեռային պալատը (1754-1762) Պետերբուրգում, որոնք կերտվել են որպես ամբողջական, պարփակ քաղաքային անսամբլներ։