Վեստալուհիներ
From Wikipedia, the free encyclopedia
Վեստալուհիներ (լատին․՝ virgo vestalis), Հին Հռոմում Վեստա աստվածուհու քրմերը, ովքեր մեծ հարգանք ու ընդունելություն էին վայելում։ Նրանց առանձնահատկությունը անձեռնմխելիությունն էր (այդ պատճառով շատերը նրանց էին վստահում իրենց կտակներն ու այլ փաստաթղթեր)։ Վեստալուհիներն ազատվում էին հայրական իշխանությունից, սեփականության իրավունք ունեին և կարող էին տնօրինել իրենց սեփականությունն ըստ իրենց հայեցողության։ Վեստալուհիներին վիրավորելու ցանկացած փորձ պատժվում էր մահվամբ։ Վեստալուհու դիմացից գնում էր լիկտորը, առանձնահատուկ պայմաններում վեստալուհիներն իրավունք ունեին դուրս գալ մարտակառքով։ Եթե նրանց ճանապարհին հանդիպում էր մահապատժի դատապարտված հանցագործ, նրանք իրավունք ունեին ներում շնորհել նրան։
Վեստալուհիների պարտականությունների մեջ էր մտնում Վեստայի տաճարի սրբազան կրակի պահպանումը, տաճարի մաքրությանը հետևելը, Վեստային զոհաբերություններ մատուցելը, պալլադիումի և այլ սրբավայրերի պահպանումը։ Պլուտարքոսը, ով բավականին մանրամասն նկարագրություն է թողել Վեստային ծառայելու կանոնների մասին, ենթադրում է, որ նրանք պահպանել են նաև այլ աչքից գաղտնի որոշ սրբավայրեր ու իրականացրել են գաղտնի ծեսեր։