Տնտեսական ինտեգրացիա
From Wikipedia, the free encyclopedia
Տնտեսական ինտեգրացիան տնտեսական կյանքի միջազգայնացման ձև է, որը նկարագրվում է որպես արտադրողական ուժերի զարգացմամբ պայմանավորված օբյեկտիվ պրոցես։ Ուղղված լինելով տնտեսական հարաբերությունների ստեղծմանը և արտասահմանում մասնաճյուղերի հիմնադրմանը՝ միկրոմակարդակում այս գործընթացը իրականացվում է հարևան երկրների ինստիտուտների միջև։ Միջպետական մակարդակում ինտեգրացիոն գործընթացը պայմանավորված է պետությունների տնտեսական միությունների ձևավորմամբ և ազգային քաղաքականությունների համակարգմամբ։
Ինտեգրացման սոցիալ-տնտեսական էությունը, նպատակները, իրականացման մեթոդները և հետևանքները պայմանավորված են այն հասարակարգի բնույթով, որի պայմաններում իրականացվում է այն։ Տնտեսական ինտեգրումը, որպես տնտեսական կյանքի միջազգայնացման ձև, որը ձևավորվեց 20-րդ դարում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հանդիսանում է ազգային տնտեսությունների ներգրավման օբյեկտիվ գործընթաց։ Այն ներառում է արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության, առևտրի, տնտեսական և դրամավարկային կապերի զարգացում, քաղաքական և տնտեսական բնույթի տարբեր միջպետական միությունների, տարածաշրջանային տնտեսական խմբերի, ազատ առևտրի գոտիների, մաքսային միությունների, տնտեսական և արժութային միությունների ստեղծում։
Տնտեսական կյանքի միջազգայնացումն այսօր լայն, համապարփակ բնույթ է ստանում։ Տնտեսությունների փոխկապվածությունն ավելի զգալի է դառնում, փոխկապվում են արտադրության, կրթության և գիտության, արտադրական ռեսուրսների օգտագործման, կադրերի պատրաստման, արժութային հարաբերությունների կարգավորման, բնապահպանական հիմնախնդիրների համատեղ լուծման ոլորտները։ Ժամանակակից տեխնոլոգիական հեղափոխությունը, վերազգային կորպորացիաների գործունեության մասշտաբների աճը ավելի են ուժեղացնում տնտեսական կյանքի փոխկապվածության գործոնի ազդեցությունն ամբողջ աշխարհում[փա՞ստ]։
Գիտատեխնիկական հեղափոխությունը տնտեսական կյանքի միջազգայնացումը հասցնում է էլ ավելի բարձր մակարդակի։ Միջազգայնացվում է արտադրությունը, հաստատվում են սերտ տնտեսական փոխհարաբերություններ տարածաշրջանի մակարդակով, ստեղծվում են տնտեսական համակարգեր, որոնցում մեծանում է ազգային տնտեսությունների սերտ փոխկապվածությունը։ Տնտեսական ավանդական կապերի կողքին ծնունդ են առնում գիտատեխնիկական համագործակցությունը, համատեղ տեխնոլոգիական ծրագրերի իրագործմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, աշխատուժի միգրացիայի տնտեսական կարգավորմանն ուղղված համագործակցության նոր ոլորտներ[փա՞ստ]։