Տնտեսական քաղաքականություն
From Wikipedia, the free encyclopedia
Տնտեսական քաղաքականություն, տնտեսական միջոցառումների համակարգ, կառավարության տնտեսական գործողությունների ընտրություն և իրականացում մակրոտնտեսական մակարդակով։ Տնտեսական քաղաքականության նպատակները սերտորեն շաղկապված են տվյալ պահին երկրի տնտեսական վիճակի, տնտեսական համակարգի հետ[1]։
Տնտեսական քաղաքականության սոցիալական բովանդակությունը, դրա հիմքում ընկած գաղափարները, նպատակներն ու դրանց իրագործման միջոցները որոշվում են հասարակարգի բնույթով, արտադրության միջոցների նկատմամբ սեփականատիրական հարաբերություններով։ Ինչպես ամեն մի քաղաքականություն, այն պատմականորեն որոշակի արտադրաեղանակի տնտեսության խտացված արտահայտությունն է։ Տնտեսական քաղաքականության վրա, որը մշակում է իշխանության գլուխ կանգնած քաղաքական կուսակցությունը, ազդում են դասակարգային ուժերի հարաբերակցությունը, երկրում ու միջազգային ասպարեզում դասակարգային պայքարի զարգացման աստիճանը, պատերազմի ու խաղաղության իրադրությունը և այլ գործոններ։
Ժամանակակից պայմաններում տնտեսական քաղաքականությունն ավելի ու ավելի է ձևավորվում որպես գիտական ինքնուրույն ուղղություն, որի առարկան էկոնոմիկայի քաղաքական ղեկավարման գիտական հիմունքների ու սկզբունքների հասարակարգի զարգացման տարբեր փուլերում տնտեսական քաղաքականության իրականացման փորձի ուսումնասիրությունն է։