Փարիզի կոմունա (1789-1794)
From Wikipedia, the free encyclopedia
Փարիզի կոմունա (ֆր.՝ Commune de Paris), 1789–1794 թվականներին Փարիզի քաղաքային ինքնավարության օրգան Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Ստեղծվել է 1789 թվականի հուլիսին։ 1789 թվականի հուլիս–1791 թվականի սեպտեմբեր ժամանակահատվածում Փարիզի կոմունայում գերակշռել են չափավոր լիբերալ-ներկայացուցիչները՝ fելյանները, օրենսդիր ժողովի ժամանակ (մինչև միապետության տապալումը)՝ հանրապետականները՝ ժիրոնդիաոները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարիզի կոմունա (այլ կիրառումներ)
1792 թվականի օգոստոսի 10-ի գիշերը Փարիզի կոմունային փոխարինած, այսպես կոչված, ապստամբական Փարիզի կոմունա (որի մեծամասնությունը կազմում էին յակոբինյանները) մեծ դեր խաղաց միապետության տապալման, օտարերկրյա ինտերվենտներից Փարիզի և Ֆրանսիայի պաշտպանության կազմակերպման գործում։
Յակոբինյան դիկտատուրայի (1793-1794) ժամանակ Փարիզի կոմունան հանդիսացավ հեղափոխական՝ իշխանության կարևոր օրգան (նրա անդամներից էին Ժ․ Պաշը, Պ․ Շոմետը, Ժ․ էբերը և ուրիշներ)։ Տերմիդորյան հեղաշրջումից (1794) հետո Փարիզի կոմունայի անդամների մեծամասնությանը, լինելով Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի և նրա կողմնակիցների համախոհները, մահապատժի են ենթարկվել, Փարիզի կոմունան լուծարվել է[1], իսկ Փարիզը բաժանվել է 12 քաղաքային ինքնավար խորհուրդների։