Փերֆորմանս
From Wikipedia, the free encyclopedia
Փերֆորմանս (անգլ.՝ performance, կատարում, ներկայացում, ելույթ), ժամանակակից արվեստի ձև, որտեղ ստեղծագործությունը նկարչի կամ գեղարվեստական խմբի գործողություններն են` որոշակի վայրում և որոշակի ժամանակ։ Փերֆորմանսին կարելի է վերագրել ցանկացած իրավիճակ, որն իր մեջ ներառում է հիմնական չորս տարրերը` ժամանակ, վայր, նկարչի մարմինն ու նկարչի ու հանդիսատեսի հարաբերությունները։ Սրանով է փերֆորմանսը տարբերվում կերպարվեստի այնպիսի ձևերից, ինչպիսիք են նկարը կամ քանդակը, որտեղ ստեղծագործությունը որոշվում է ցուցադրվող օբյեկտով։ Երբեմն փերֆորմանս են կոչվում գեղարվեստական գործունեության այնպիսի ավանդական ձևեր, ինչպիսին է թատրոնը, պարը, երաժշտությունը, կրկեսային ելույթը և այլն, սակայն ժամանակակից արվեստում «փերֆորմանս» տերմինը սովորաբար վերաբերվում է ավանգարդ կամ կոնցեպտուալ արվեստին, որը ժառանգել է կերպարվեստի ավանդույթները։
Փերֆորմանսի ծագումը կապված է ավանգարդի գեղանկարչության խնդիրների` նկարի գեղարվեստական տարածության հաղթահարման, կառուցվածքի ելքը` որպես ավանգարդիստական արվեստի հիմնական միտման հետ։ Փերֆորմենսի արմատները գալիս են ֆուտուրիստների փողոցային ելույթներից, դադաիստների կլոունադայից, Բաուհաուզի թատրոնից։ «Փերֆորմենս» բառն առաջին անգամ օգտագործվել է Ջ. Քեյջի կողմից, 1952 թվականին՝ իր «4′33» ստեղծագործության համար։ Այս համերգի աֆիշի վրա գրված է եղել փերֆորմանս[1]։ Որպես արվեստի ուղղություն փերֆորմանսը ծագել է 1960-ական թվականներին այնպիսի նկարիչների ստեղծագործության մեջ, ինչպիսիք են Իվ Քլեյնը, Վիտո Ակկոնչին, Գերման Նիչը, Քրիս Բուրդենը, Յոկո Օնոն, Յոզեֆ Բոյսը և այլն։ Մեր օրերում այս ուղղությամբ ստեղծագործում են Մարինա Աբրամովիչը, Վահրամ Զարյանը, Սթիվեն Քոենը և այլն։